Մաքսային միությունը Հայաստանի համար «ընդհանուր առմամբ ձեռնտու է»

Your browser doesn’t support HTML5

Շավարշ Քոչարյան. «Ես այդպիսի բան չեմ ասել»

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյոք շարունակո՞ւմ է պնդել, որ Մաքսային միությանը միանալով Հայաստանը կորցնում է ինքնիշխանությունը, հայտարարեց, թե ինքն այդպիսի բան չի ասել։

«Մաքսային միության անդամ դառնալը նշանակում է ինչ-որ աստիճանի ինքնուրույն որոշումների սուվերենության պակաս։ Դա վերաբերում է ցանկացած մաքսային միության։ Դա կապված է մաքսային քաղաքականության, դրույքաչափերի հետ և այդպես իրենց սուվերենության աստիճանը կորցրել են և Ղազախստանը, և Բելառուսը, և Ռուսաստանը։ Եվ դա շատ բնական է, որովհետև այդ դեպքում կա վերազգային մարմին, որը ինքն է որոշում այդ տարիֆները»,- ասաց փոխարտգործնախարարը։

Անդրադառնալով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման ճակատագրին՝ Քոչարյանը ասաց. -«Հիմա պետք է մեր եվրոպացի գործընկերների հետ բանակցություններով շարունակենք հասկանալ՝ որքանով է դա վտանգում, կամ ոչ։ Համենայնդեպս, մենք պատրաստ ենք Ասոցացման համաձայնագրի ստորագրման գնալուն։ Այդ պայմանագիրը մեզ համար կարևոր է, որովհետև շատ լուրջ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ Եվրոպայի հետ, լուրջ նվաճումներ կան, և մենք պատրաստ ենք շարունակել այդ բարեփոխումների ծրագիրը»։

Քաղաքական որոշ վերլուծաբաններ կարծիք են հայտնել, որ Հայաստանը Մաքսային միության անդամակցելու որոշումը կայացրել է Կրեմլի ճնշումների տակ։

«Այդպես չէ։ Խնդիրը կայանում է նրանում, որ դու հաշվարկում ես ամեն ինչ, կային բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում էին լուծումներ և այս ընթացքում եղել են բանակցություններ, դա վերաբերում է և ընդհանուր սահմանի բացակայությանը, թե ինչպես կարելի է դա հաղթահարել և մի շարք այլ խնդիրների։ Բայց այդ համակողմանի բանակցությունների արդյունքում վերջ ի վերջո դու ամեն ինչ կշռադատում ես, և ընդհանուր առմամբ դա մեզ համար ձեռնտու է»,- ասաց Հայաստանի փոխարտգործնախարարը։

Շավարշ Քոչարյանի խոսքով՝ այնպես չէ, որ եվրոպացիների համար անակնկալ էր Մաքսային միության անդամակցելու Հայաստանի որոշումը։

«Մինչ Մոսկվա գնալը մեր եվրոպական գործընկերները արդեն տեղեկացված են եղել, որ հնարավոր է այդպիսի արդյունք»,- հայտարարեց նա՝ շեշտելով, որ Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը անհամատեղելի է Մաքսային միության անդամակցության հետ.- «Մնացած բոլոր ծրագրերը մենք պատրաստ ենք շարունակելու Եվրոպայի հետ»։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է արդյոք Մաքսային միությանն անդամակցելով մաքսակետեր հայտնվեն Լեռնային Ղարաբաղի սահմանին.- «Ղարաբաղը մեզ համար այն կարմիր գիծն է, որը մենք երբեք չենք անցի։ Եվ բնական է և բացառվում է, որպեսզի Հայաստանի և Ղարաբաղի միջև լինի սահման»,- պատասխանեց փոխարտգործնախարարը։

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում եվրոպացի պաշտոնյաների կոշտ գնահատականներին, Քոչարյանը պատասխանեց, թե ինքը կոշտ գնահատականներ չի տեսել և չի լսել.- «Եթե խոսքը այն անձանց մասին է, որոնք պատասխանատու են այդ ամբողջ գործընթացի համար, Հայաստան-ԵՄ բանակցությունների համար, ապա այդ անձանց կողմից խիստ գնահատական չի եղել»։

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն էլ, պատասխանելով հարցին, թե Հայաստանի տնտեսության զարգացմանը ավելի շատ կնպաստի անդամակցությունը Մաքսային միությանը, թե՞ Խորը և համապարփակ ազատ առտևրի ստորագրումը, ասաց.- «Ես չեմ կարող նման հարցի պատասխանել, որովհետև դա շատ տեսական, վերացական հարց է»։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Մաքսային միությանը անդամակցելու դեպքում գազի սակագինը նվազեցվի, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը բացասական պատասխան տվեց։