Էրդողանը Սանկտ Պետերբուրգում կարծարծի Սիրիայի հարցը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ելույթի ժամանակ, օգոստոս, 2013թ․

Թուրքիայի վարչապետի համոզմամբ՝ բանակցային լուծման ժամանակն անցել է և հարկ է ուժի դիմել։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հաջորդ շաբաթ մեկնում է Ռուսաստան, որտեղ մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում սեպտեմբերի 5-6-ը նախատեսված «Մեծ քսանի» երկրների գագաթնաժողովին։

CNN Turk հեռուստակայանի հաղորդագրության համաձայն, Էրդողանը խստորեն քննադատել է ՄԱԿ-ին Սիրիայի հարցում գործնական քայլերի չդիմելու համար։ Նա ասել է, որ Սիրիայում քաղաքացիական բնակչության շրջանում զոհվել է ավելի քան 100 հազար մարդ։

Թուրքիայի վարչապետի խոսքերով՝ հարկ եղած դեպքում միջազգային համայնքը կարող է գործել առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի, ինչի համար պետք է «կամքի կոալիցիա կազմել»։

Ավելի վաղ Էրդողանը անուղղակի քննադատել է Ռուսաստանին և Չինաստանին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով բանաձևը վետոյի ենթարկելու դիրքորոշման համար։

Թուրքիայի վարչապետն ասել է, որ իր երկիրը պատրաստ է մասնակցել Սիրիայի դեմ ուղղված միջազգային գործողության` նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանության բացակայության պարագայում։ Ընդ որում, Էրդողանի համոզմամբ, սահմանափակ միջամտությունն արդյունավետ չի լինի, անհրաժեշտ է լայնածավալ վճռական գործողություն, որի արդյունքում նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգը կտապալվի։

Էրդողանի խոսքերով, ինքը մտադիր է Սանկտ Պետերբուրգում Սիրիայի հարցը քննարկել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի հետ։

REX լրատվական կայքը վկայակոչել է ռուսաստանցի պատմաբան, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերն ուսումնասիրող քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովին, որի համոզմամբ՝ Էրդողանը, փաստորեն, «անկյուն է մղում» Օբամային՝ դրդելով նրան օր առաջ սկսել արշավը։

«Էրդողանի հայտարարությունների մեջ կան շատ լուրջ ակնարկներ։ Սերբիայի դեմ ՆԱՏՕ-ի արշավն իրականացվել է առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանության։ Դրանից հետո իրականացվել է Մարթի Ահթիսարիի ծրագիրը, որը հանգեցրել է Կոսովոյի անկախությանը», - ասել է Տարասովը՝ ավելացնելով, որ իր կարծիքով, Էրդողանի նպատակը Սիրիայի մասնատումն է էթնիկ, կրոնական և շրջանային սկզբունքներով։

Առանց ՄԱԿ-ի թույլտվության է իրագործվել նաև ներխուժումն Իրաք, որի հետևանքով Թուրքիան իր սահմանների մոտ հսկողության տակ է վերցրել Իրաքի տարածքի որոշ հատվածներ։

Տարասովի համոզմամբ՝ պաշտոնական Անկարային նաև նյարդայնացնում է Սիրիայի հարցով Ժնևում խորհրդակցություն հրավիրելու տարբերակը։ Թուրքերն ասում են, թե բանակցային լուծումների ժամանակն արդեն անցել է և հարցը կարելի է լուծել միայն ուժի միջոցով։