ՊՆ-ում կայացել է ազատամարտիկների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի նիստ

Պաշտպանության նախարարությունում օգոստոսի 20-ին կայացել է ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի նիստ, որը նախագահել է խմբի ղեկավարը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ըստ ազատամարտիկների կողմից բարձրացված հարցերի, նիստի ընթացքում ներկայացվել են ՊՆ համապատասխան վարչություններում կատարված աշխատանքները, քննարկվել առաջիկա անելիքները: Քննարկումների արդյունքում մատնանշվել են մի շարք հարցեր, որոնք առավել խնդրահարույց են և պահանջում են լուծման իրատեսական ուղիներ: Որոշվել է այդ խնդիրներին անդրադառնալ հաջորդ նիստին, որին կհրավիրվեն նաև ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ու նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ:

ՀՀ պաշտպանության նախարարությանը վերաբերող մասով, ազատամարտիկների բարձրացրած հարցերով աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով ձևավորված աշխատանքային խմբին հանձնարարված է, համագործակցելով նախկին կամավորականների հետ, ապահովել պաշտպանության նախարարության ակտիվ մասնակցությունը օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը, գտնել սոցիալական խնդիրների և ազատամարտիկներին հուզող այլ հարցերի լուծման արդյունավետ ուղիները: