Վարչապետը կարևորում է Իրաքի զբոսաշրջային ներուժի օգտագործումը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ, արխիվ

Կառավարությունը այսօրվա նիստի ժամանակ մեկ տարով երկարաձգեց ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկի գործողության ժամկետը` Լիբանանի և Սիրիայի քաղաքացիներին հնարավորություն տալով Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:

Կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի այն դրույթը, որ Եվրամիության անդամ պետությունների և Եվրամիության շենգենյան դրույթները կիրառող Եվրամիության ոչ անդամ պետությունների քաղաքացիներն ազատվում են Հայաստանի մուտքի վիզայի պահանջից, տարածվեց Խորվաթիայի վրա, որը այս տարվա հուլիսի 1-ից դարձել է Եվրամիության անդամ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ համարեց, որպեսզի արտգործնախարարությունը քննարկի Իրաքի քաղաքացիներին վիզաների տրամադրման հարցը և առաջարկություն ներկայացնի:

«Ակնհայտ է, որ այսօր Իրաքում բավական մեծ զբոսաշրջային ներուժ կա, և պետք է այնպիսի ռեժիմ սահմանել, որպեսզի այդ երկրի քաղաքացիները կարողանան Հայաստան այցելել: Մեծ, վճարունակ և դինամիկ տուրիստական ներուժ ունեցող երկիր է այսօր Իրաքը դարձել: Եվ մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում մեր հարևան երկրները սահմանում են այնպիսի ռեժիմներ, որպեսզի կարողանան այդ տուրիզմը իրենց մոտ տանել», - ասաց վարչապետը՝ անհրաժեշտ համարելով, որպեսզի արտգործնախարարությունն էկոնոմիկայի նախարարության հետ քննարկի այս հարցը և մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնի առաջարկություններ:

«Մեր քաղավիացիայի վարչության հետ էլ պետք է քննարկել այս հարցը` ուղիղ չվերթների կազմակերպման հարցը», - նշեց Տիգրան Սարգսյանը՝ հավելելով․ - «Մեկ շաբաթ հետո նախարարական կոմիտեում քննարկենք»: