Միգրանտների դեմ արշավ Ռուսաստանում

Ռուսաստան - Միգրացիոն ճամբարը Գոլյանովոյում, հուլիս, 2013թ․

Փորձագետներն ու իրավապաշտպանները քննադատում են միգրացիոն ճամբարների ծրագիրը:
Անցած շաբաթ մոսկովյան շուկաներից մեկում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ դաղստանցի առևտրականը հարձակվել էր ոստիկանի վրա, Ռուսաստանում միգրանտների դեմ իսկական արշավ է սկսվել:

Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ ստեղծելու են միգրացիոն ճամբարներ երկրի բոլոր մարզերում: Մոսկվայի արևելքում նման ճամբար արդեն գործում է:

Տասը օր ճամբարում մնալուց հետո միգրանտներին Ռուսաստանի իշխանությունները պետք է վտարեն երկրից, ընդ որում՝ Ռուսաստանի հաշվին:

Փորձագետներն ու իրավապաշտպանները քննադատում են այս ծրագիրը, ասում են, որ, օրինակ, Մոսկվայի արևելքում՝ Գոլյանովոյում ստեղծված ճամբարում չկան ապրելու համար տարրական պայմաններ:

Միգրացիոն ծառայությունների ներկայացուցիչներն էլ, իրենց հերթին, հայտարարում են, թե շատ էլ լավ պայմաններ են, նման պայմաններում աշխատանքային միգրանտները մինչ այդ երբևէ չէին ապրել, և ընդհանրապես՝ նման ճամբարները ընդունված պրակտիկա է եվրոպական բոլոր երկրներում:

Այդուհանդերձ, փորձագետները համոզված են, որ սեպտեմբերի 8-ից հետո, երբ կկայանան Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները, այս արշավը կավարտվի, և ճամբարներն էլ կվերանան:

Հայտնի փորձագետ, Կրեմլի ընդդիմախոս Ստանիսլավ Բելկովսկին ասում է, որ «իհարկե, սա կապված է Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների հետ՝ Սերգեյ Սոբյանինն ուզում է ցույց տալ, որ բոլորից լավ է կարողանում պայքարել ապօրինի միգրացիայի դեմ»:

Ծիծաղելի է, որ այս արշավի արդյունքում միգրացիոն այդ ճամբարներում վիետնամցիներն են մեծամասամբ, նշում է Բելկովսկին՝ ընդգծելով, որ վերջիններս ամենահանգիստ աշխատանքային միգրանտներն են, աշխատում են միայն՝ և ուրիշ ոչինչ:

Տարբեր աղբյուրների վկայությամբ՝ ճամբարում չկան Հայաստանի քաղաքացիներ: