Միացյալ Նահանգները հայտարարել է, թե հիասթափված է Չինաստանի պահվածքից, քանի որ Պեկինը հրաժարվեց համագործակցել Վաշինգտոնի հետ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի հարցում:
Սնոուդենը, ինչպես հայտնի է, Հոնկոնգից մեկնեց Մոսկվա և մինչ օրս գտնվում է այնտեղ:
ԱՄՆ-ի մայրաքաղաքում տեղի ունեցած ամերիկա - չինական բանակցություններից հետո պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը հայտարարել է, թե Պեկինի դիրքորոշումը Սնոուդենի հարցում վնաս է հասցրել երկու պետությունների միջև վստահության մթնոլորտին:
Չինական կողմը դրան արձագանքել է, որ Հոնկոնգի իշխանությունները գործել են օրենքի շրջանակներում:
Էդուարդ Սնոուդենը, հիշեցնենք, ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից իրականացվող գաղտնալսումների և անձնական բնույթի գաղտնի տվյալների հավաքման ծրագրերի վերաբերյալ տեղեկություններ էր հրապարակել, ինչի համար հետապնդվում է Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից: