Թուրք - քրդական հաշտեցումը՝ տապալման եզրին

Քրդական աշխատավորական կուսակցության զինված թևի առաջնորդ Մուրատ Կարայըլանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Քրդական աշխատավորական կուսակցությունը շուտափույթ փոփոխություններ է ակնկալում Էրդողանի կառավարության մոտեցումներում:
Գարնանը մեկնարկած թուրք - քրդական հաշտեցման գործընթացը հայտնվել է տապալման եզրին:

Քրդական աշխատավորական կուսակցության զինված թևի առաջնորդ Մուրատ Կարայըլանը երեկ ծավալուն հարցազրույց է տվել քրդական Firat գործակալությանը` զգուշացնելով, որ Էրդողանի կառավարության մոտեցումներում շուտափույթ փոփոխություններ չարձանագրելու դեպքում քրդական ուժերը կարող են հրաժարվել Անկարայի հետ հարաբերությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու մտքից:

«Կարող եմ ասել, որ որոշիչը լինելու է առաջիկա մեկ շաբաթը: Եթե կարճ ժամանակահատվածում մենք որևէ դրական փոփոխության ականատեսը չդառնանք, ապա [կարգավորման] գործընթացը կարգելափակվի: Տվյալ պահին այն արգելափակված չէ, սակայն աստիճանաբար գործը դրան է հասնում», - նշել է Կարայըլանը` պնդելով, թե թուրքական կողմը չի կատարում անցած տարվա հոկտեմբերին մեկնարկած գաղտնի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Թուրքական բանտերը լեփ-լեցուն են քուրդ քաղաքական գործիչներով: Իրավիճակին լարվածություն հաղորդող գլխավոր գործոններից մեկը հենց դա է: Բացի այդ, չեն բարելավվել Աբդուլա Օջալանի բանտային պայմանները: Նրան պետք է արտերկրից ժամանած պատվիրակություններ ընդունելու հնարավորություն տրվի, նա պետք է օգնականներ ու քարտուղար ունենա: Միայն այս գործոնների առկայության պարագայում Օջալանը կկարողանա ներգրավված մնալ կարգավորման գործընթացում», - հայտարարել է Կարայըլանը:

Հիշեցնենք, որ անցած տարվա աշնանը թուրքական իշխանությունները գաղտնի պայմաններում ուղղակի բանակցությունների մեջ մտան Իմրալի կղզու բանտում գտնվող Աբդուլա Օջալանի հետ: Բանակցությունների մեկնարկից մոտ կես տարի անց` այս տարվա մարտին, Օջալանը դիմեց իր կողմնակիցներին` հրահանգելով Քրդական աշխատավորական կուսակցության բոլոր զինված ջոկատները դուրս բերել Թուրքիայի տարածքից: Քուրդ դաշտային հրամանատարներից և ոչ մեկը չընդդիմացավ Իմրալիից հնչած այս հրահանգին, և այս պահին Արևելյան Թուրքիայի տարածքը լիովին ազատ է քրդական ջոկատների ներկայությունից:

Չնայած դրան, թուրքական կողմը չի շտապում կատարել բանակցությունների ընթացքում իր իսկ տված խոստումները` ազատ արձակել քուրդ քաղբանտարկյալներին, բարելավել Օջալանի բանտային պայմանները և ցրել Անկարայի հետ համագործակցող քրդերից կազմված այսպես կոչված գյուղական պահակախմբերը:

Zaman-ին տված հարցազրույցում ազգությամբ քուրդ ստամբուլցի վերլուծաբան Ումիթ Ֆիրաթը կարծիք է հայտնում, որ իր այս հայտարարությամբ Կարայլըանը հետևյալն է հասկացնում․ - «Մենք պայմանավորվածությունների մեր հատվածը կատարել ենք: Այժմ հերթն Անկարայինն է»:

Իսկ Տնտեսական քաղաքականության ուսումնասիրության թուրքական հիմնադրամի` TEPAV-ի փորձագետ Նիհատ Ալի Օզջանը համոզված է` քրդերը շանտաժի են ենթարկում Էրդողանի կառավարությանը: «Քրդական աշխատավորական կուսակցությունը հստակ ահազանգ է հնչեցնում` սպառնալով կառավարությանը», - ասել է նա: