Կոժարան հայ - ադրբեջանական շփումների կոչ է անում

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարա, արխիվ

«Սառեցված» հակամարտությունների կարգավորումը առաջնահերթություն է Ուկրաինայի համար, որը այս տարի բոլոր ջանքերը կգործադրի այդ հարցում դրական դինամիկայի հասնելու համար: Այսօր Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան:

Նա ասել է, որ Ուկրաինան հանդես է գալիս «սառեցված» հակամարտությունների կողմերի միջեւ հումանիտար շփումների ակտիվացման օգտին, եւ շարունակել․ - «Այդ իսկ պատճառով, մենք ամեն կերպ ողջունում ենք հումանիտար շփումների, քաղաքացիական հասարակությունների միջեւ շփումների զարգացումը: Մենք համարում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակական կազմակերպությունները կարող էին ավելի հաճախ շփվել: Այդ շփման նպատակը հումանիտար աղետի թուլացմանը նպաստելն է»:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, իր հերթին, ԵԱՀԿ-ի գործող նախագահի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մոտ ժամանակներս ծրագրում է եւս մեկ հանդիպում ունենալ Մինսկի խմբի համանախագահների հետ, որի ձեւաչափը դեռ հայտնի չէ:

«Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է՝ մեր երկիրը պատրաստ է սկսել աշխատանքը համապարփակ խաղաղ պայմանագրի վրա, իսկ Հայաստանը՝ ոչ», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ վստահեցնելով․ - «Մենք պատրաստ ենք առաջ շարժվել՝ որպես հիմք ընդունելով համանախագահների հնչեցրած եւ վերջերս Մեծ ութնյակի գագաթնաժողովում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հաստատած սկզբունքները»:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կոժարայի հետ հանդիպման ժամանակ Մամեդյարովը կոչ է արել ինտենսիվացնել Մինսկի խմբի աշխատանքը եւ կարծիք է հայտնել, որ Մինսկի խմբի նիստերը պետք է ավելի հաճախ անցկացվեն: