Արդյունաբերական քաղաքը վերածվել է գործազրկության խորհրդանիշի

Գործազուրկները Չարենցավանում

Երբեմնի խոշոր արդյունաբերական քաղաք Չարենցավանը հիմա Հայաստանում գործազրկության խորհրդանիշներից է: 25 հազար բնակիչներից միայն 4 հազարը աշխատանք ունի: Հատուկենտ երիտասարդների կարելի է հանդիպել քաղաքում, հիմնականում ուսանողներ են, ապագան Երևանի և արտասահմանի հետ են կապում։

«Ես տնտեսագետ եմ, այստեղ մի քանի բանկ կա, և կան շատ՝ մոտ 3000-ից ավելի ուսանողներ, այդքանին չեն կարող աշխատանքի վերցնել։ Բնականաբար, արդեն ուրիշ քաղաքում պետք է գործ փնտրենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց չարենցավանցի մի երիտասարդ։

Փոխարենը մարդաշատ է կենտրոնական պուրակը․ տասնյակ տղամարդիկ վաղ առավոտից ամեն գալիս են թղթախաղ, նարդի խաղալու․ նրանք հիմնականում ժամանակին Չարենցավանում աշխատող գործարանների նախկին աշխատակիցներ են, հիմա գործազուրկ են։ Այս ընտանիքներում ապրուստի միջոցը դրսից է գալիս․ գրեթե տուն չկա, որտեղից Ռուսաստան ուղարկած երիտասարդ չունենան։

«Էրեխեքը էնտեղից փող են ուղարկում... ես իմ թոռին չեմ տեսել 15 տարի, Ռուսաստանում են», - ասում էր մի տարեց չարենցավանցի։

Քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը չի հերքում․ գործազրկությունը Չարենցավանում թիվ մեկ խնդիրն է, բայց մեծ ներդրողներ են պետք, որ գործարանները մրցունակ ապրանք արտադրեն։ Քաղաքապետը վստահեցնում է, որ գոնե թալանն է դադարել, պարապուրդի մատնված արդյունաբերական հիմնարկները փակի տակ են։

«Միակ տարբերակը գործարանների աշխատելն է, որովհետև դրա հետ մեկտեղ կակտիվանա փոքր և միջին բիզնեսը», - ասում է քաղաքապետը։

Մեկ լավ օրինակ քաղաքապետ Շահգալդյանն ունի․ շուտով ամրաններ արտադրող նոր ձեռնարկություն կբացվի, ակնկալում են մոտ 500 աշխատատեղ: Աշխատավարձի չափի մասին հարցին պատասխանելիս Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին՝ քաղաքապետ Շահգալդյանը առաջինը իր օրինակն է բերում. - «Բնականաբար, ավելի ցածր է, որովհետև մենք հիմնականում պետական բյուջեից ենք սնվում։ Օրինակ, իմ աշխատավարձը ընդամենը 170 հազար դրամ է»։

Երևանում ասում են՝ գիտեն Չարենցավանի մասին. Զբաղվածության պետական ծառայությունից Անահիտ Փարսադանյանը վստահեցնում է, որ վերջին 5 ամիսներին գրեթե հինգ հազար մարդու ողջ Հայաստանում հաջողվել է աշխատանքի տեղավորել, գործազուրկների թիվը նվազել է 13 տոկոսով, բայց պատճառը նաև արտագաղթն է, դրսում են գործ փնտրում, փոխարենը պահանջարկ չվայելող մասնագիտություններն են շատացել։

«Բուժքույրերը հաշվառված գործազուրկների թվաքանակում 3.1 տոկոսն են կազմում կամ մոտ 2000 բուժքույր ունենք հաշվառված, աշխատատեղերի սակավության պատճառով չեն տեղավորվում աշխատանքի։ Ունենք վաճառողներ, տարբեր տիպի ինժեներներ, տեխնիկներ, տնտեսագետներ...», - թվարկում է Փարսադանյանը։

Զբաղվածության պետական ծառայությունում շուրջ 70 հազար մարդ է աշխատանք փնտրում, ծանրակշիռ մասը՝ 70 տոկոսից ավելին, կանայք են: Պետությունը 18 հազար դրամ գործազրկության նպաստ է տալիս: Մասնագետների վերլուծությունները վկայում են՝ երիտասարդները բարձրագույն կրթության են հակված, մինչդեռ աշխատաշուկայում մեծ է մատուցողների խոհարարների, բանվորների, էլեկտրիկների պահանջարկը:

Չարենցավանցիներին Անահիտ Փարսադանյանը խորհուրդ տալիս է իրենց կենտրոն դիմել. - «Եվ եթե նույնիսկ աշխատանքի չտեղավորվեն, իրենց կընդգրկեն ծրագրերում, կակտիվացնեն, այսինքն՝ նոր մասնագիտություն կուսուցանեն, որը պահանջված է աշխատաշուկայում, և իրենք կգտնեն իրենց հարմար աշխատանքը»։

Զբաղվածության պետական ծառայության հետ Չարենցավանում մեծ հույսեր չեն կապում. - «Սուտ բան է, ենթադրենք, հավաքարարի տեղ կա, ասում են գնա, էդ մարդն էլ չի կարում էդտեղ աշխատի, կամ ասում են՝ զանգենք, կասենք, էն զանգելն է, որ պիտի զանգեն»։