Սյունիքի նոր մարզպետ կնշանակվի Վահե Հակոբյանը

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի՝ այսօր կայացած նիստում, մասնավորապես, որոշում է կայացվել Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակել թիվ 38 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված հանրապետական պատգամավոր Վահե Հակոբյանին:
Նիստից հետո այդ մասին լրագրողներին տեղեկացրեց իշխող կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Վահե Հակոբյանը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է:

Հիշեցնենք, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ նրա տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում մեկ մարդ զոհվել էր, երկուսը՝ վիրավորվել: