Եգիպտոսի նախագահի պաշտոնակատարը երդում տվեց

Եգիպտոս - Ցուցարարները Կահիրեի Թահրիր հրապարակում ողջունում են պաշտպանության նախարարի հայտարարությունը, 3-ը հուլիսի, 2013թ․

Եգիպտոսի Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը այսօր երդում է տվել որպես երկրի նախագահի պաշտոնակատար:

Մանսուրին նախագահի պաշտոնակատար են նշանակել զինվորականները, որոնք պաշտոնանկ արեցին նախագահ Մուհամեդ Մուրսիին՝ հայտարարելով, թե նա չի կարողացել արդարացնել ժողովրդի ակնկալիքները:

Մուրսիի հրաժարականը պահանջող հարյուր հազարավոր ցուցարարներ Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հեռուստաուղերձից հետո ամբողջ գիշեր տոնել են իրենց հաղթանակը:

Մուհամեդ Մուրսին, մինչդեռ, տեղի ունեցածը «լիակատար ռազմական հեղաշրջում» է որակել:

CNN-ի տվյալներով՝ Եգիպտոսում երեկ երեկոյան տեղի ունեցած բախումների հետևանքով 32 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: