Բնապահպանության նախարարությունը համաձայն է ՎՊ-ի դիտարկումների հետ

Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյան

Բնապահպանության նախարարությունը, արձագանքելով Վերահսկիչ պալատի հաշվետվությանը, համաձայն է այն եզրահանգման հետ, որ Հայաստանում թափոնների կառավարումը թերություններով է կատարվում:

Երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը նշեց, որ որոշակի բացառություններով համաձայն են Վերահսկիչի դիտարկումների հետ:

«Չենք կարող ասել, որ այսօր վտանգավոր թափոնների կառավարման ոլորտի օրենսդրական դաշտում ամեն ինչ լավ է: Մինանշանակ այդ դաշտը կատարելագործման կարիք ունի», - ասաց Պապյանը:

Վերահսկիչ պալատը 2012 թվականի իր տարեկան հաշվետվությունում ուսումնասիրել է աղբահանության եւ սանիտարական մաքրման գործընթացները հանրապետությունում՝ եզրահանգելով մի շարք թերացումների մասին:
Բնապահպանության նախարարությունն, ինչպես նշված է Վերահսկիչի հաշվետվությունում, այս ոլորտը կառավարում ու վերահսկում է օրենսդրական բացերի պայմաններում: Արդյունքում թափոնների կառավարման ոլորտում գործում են առանց լիցենզիաների, առանց բնապահպանական վճարների գանձման:
Նախարարության վերահսկողության ուժեղացում է հարկավոր այս ոլորտում, նշված է Վերահսկիչի հաշվետվությունում: Վերահսկիչ պալատը բնապահպանության նախարարության մասով անդրադարձել է նաեւ Նուբարաշենի աղբահավայրին` եզրակացնելով, որ աղբավայրի կառավարման հարցում Հայաստանի կառավարության գործունեության հետեւանքով Երեւանը չի ստացել տնտեսական օգուտ, իսկ բնապահպանական խնդիրներն այդ աղբավայրում դեռեւս լուծման կարիք ունեն:

Բնապահպանության նախարարությունը համաձայն է նաեւ այս դիտարկման հետ: