Ճարտարապետների միության տանիքում բռնկված հրդեհի պատճառը դեռ պարզ չէ

Your browser doesn’t support HTML5

Ճարտարապետների միության տանիքում բռնկված հրդեհի պատճառը դեռ պարզ չէ

Երեկ երեկոյան ճարտարապետների միության շենքում բռնկված հրդեհի արդյունքում ամբողջությամբ այրվել է շենքի տանիքը:
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենց համար պարզ չէ, թե ինչից կարող էր հրդեհ առաջանալ: Մեր այցելության պահին Մինասյանի մոտ էին գտնվում ԱԻՆ հատուկ լաբորոտորիայի աշխատակիցները, ովքեր առավոտից տանիքում ուսումնասիրություններ էին կատարում:

«Գլխավորը այն է, որ շենքը չի տուժել, միայն շենքի ծածկն է այրվել», - ասաց Մինասյանը:

Երեկ ժամը 17.13 ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 13 հասցեում: Դեպքի վայր էին մեկնել 6 մարտական հաշվարկ, հրդեհը մարվել էր մոտ կես ժամվա ընթացքում: Մինասյանը ասաց, որ հրդեհի մասին ահազանգել էին շենքի հարևանությամբ գտնվող տների բնակիչները:

Ճարտարապետների միության նախագահը ասաց, որ շենքը բաղկացած է երկու մասից, մեկը 1956 թվականին կառուցված հին մասնաշենքն է, իսկ մյուսը կառուցվել է 1974 թվականին: Հենց այդ նոր մասնաշենքի տանիքն է այրվել:

Նոր մասնաշենքի վերջին հարկում նկարչական ստուդիա է գործում, որի տնօրեն Ռոբերտ Մինասյանը պատմեց, որ հրդեհի մասին լսելուց անմիջապես հետո շտապել են ստուդիա՝ նկարները փրկելու: Միայն հետո են պարզել, որ կրակը ներս չի թափանցել:

Ի դեպ, շատ է խոսվում, որ հրդեհը դիտավորության արդյունք է, իսկ նպատակը ճարտարապետների միությունը շենքից տեղափոխելը:

Մկրտիչ Մինասյանը ասաց, որ նման բան ինքը չի կարծում, իրենք շարունակելու են այստեղ աշխատել, և այժմ միջոցներ են փնտրելու շենքի տանիքը վերականգնելու համար: