Ռազմարդյունաբերության բարեփոխումների միջգերատեսչական հանձնաժողովը գումարեց առաջին նիստը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան, արխիվ

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների եւ զարգացման հայեցակարգի ու դրա դրույթների իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Հանձնաժողովը ստեղծվել է Հայաստանի նախագահի 2013 թվականի ապրիլի 30-ի կարգադրությամբ:

ԱԱԽ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ` Արթուր Բաղդասարյանը նիստի բացման խոսքում, մասնավորապես, նշել է. - «Այս հանձնաժողովը ունի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական, եւ որ ամենակարեւորն է` մեր երկրի անվտանգության ապահովման տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն»:

«Մեր հանձնաժողովի նպատակը պետք է լինի, որպեսզի կարողանանք ռազմական արդյունաբերության խնդիրներին տանք նոր հայացք, առաջարկենք նոր լուծումներ, ներգրավենք նաեւ մեր պետական կառավարման մարմինների ներուժը` ռազմական արդյունաբերության ոլորտում դրական զարգացումներ ապահովելու համար», - հայտարարել է ԱԱԽ-ի քարտուղարը:

Նիստում ընդունվել է որոշում հանձնաժողովին կից ձեւավորել մշտապես գործող ռազմատեխնիկական եւ գիտահետազոտական խորհուրդ` կազմում ընդգրկելով բարձրակարգ գիտնականների, հետազոտական-կոնստրուկտորական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետ-մասնագետների: