Փաստաբանները Վճռաբեկ դատարանից պատճառաբանված որոշումներ են պահանջում

Your browser doesn’t support HTML5

Մոտ երկու հարյուր փաստաբաններ երկօրյա գործադուլ են սկսել` իրենց բողոքի ձայնը բարձրացնելով Հայաստանի վճռաբեկ դատարանի դեմ: Փաստաբանները պնդում են, որ Վճռաբեկը կամայական եւ անկանխատեսելի որոշումներ է կայացնում:

Փաստաբանները պարզաբանում են, որ բազմաթիվ բողոքներ, որոնք ուղարկվում են Վճռաբեկ դատարան, ոչ միայն չեն ընդունվում, այլեւ շատ հաճախ դատարանը չի պատճառաբանում, թե ինչու տվյալ բողոքը վարույթ չընդունվեց: Նրանք պահանջում են պատճառաբանված որոշումներ կայացնել, այլ ոչ թե շաբլոնային արտահայտություններով առանց պատճառաբանությունների պատասխան նամակներ ուղարկել: Փաստաբանները կարծում են, որ նման կամայական, անկանխատեսելի վարքագծի հետեւանքով շատ քաղաքացիներ կորցրել են վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ:

Բողոքող փաստաբաններն այսօր քննարկում էին անցկացնում իրենց հուզող խնդրի շուրջ: Նրանք նշում են, որ Վճռաբեկ դատարանը անցած մեկ տարվա ընթացքում, փաստորեն, չփոխեց իր որդեգրած դիրքորոշումը: Նախորդ տարի հունիսի 11-ին փաստաբանները եւս գործադուլ էին անցկացրել նույն պահանջով: Սպասելով մեկ տարի՝ այսօր արդեն հայտարարում են, որ իրենց պահանջները չեն բավարարվել: Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն իր խոսքում նշեց, որ ճգնաժամն այս պարագայում ավելի է խորացել:

«Դատական համակարգում շարունակվում են կիրառել երկակի ստանդարտներ, դատական ատյանների կողմից կայացվող դատական ակտերը հաճախ հակասում են մեկը մյուսին, իսկ դրանց դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները կրկին առանց պատճառաբանությամբ, կամ շաբլոնային ոչինչ չասող պատճառաբանությամբ վերադարձվում են», - ասաց Սիմոնյան` հավելելով, որ նույնանման հանգամանքների առկայությամբ տարբեր գործերով ընդունվում են միմյանց հակասող դատական ակտեր, ինչը խարխլում է իրավական պետության հիմքում առկա իրավական որոշակիության սկզբունքը:

Քննարկմանը ներկա էր նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը: Գրասենյակում համամիտ են բողոքող փաստաբանների հետ: Այնտեղ եւս կարծում են, որ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումները պատճառաբանված չեն ու ձեւական բնույթ են կրում:

Փաստաբան Սեդա Սաֆարյանը նշում է, որ արդեն մեկ տարի է ինքը վճռաբեկ բողոքներ չի ներկայացնում՝ դա համարելով անիմաստ:

«Երբ ես Վճառաբեկից նամակ եմ ստանում, ինձ շատ նվաստացած եմ զգում, ամեն անգամ կարդում են նրանց հանրահայտ միտքը, որը պաշտպանի կողմից չի հիմնավորվել այս կամ այն օրենքի դրույթը: Ամբողջ խնդիրն այն է, որ դու 50 էջանոց միջնորդություն գրելով` կարող ես ստանալ կես էջանոց պատասխան», - ասում էր Սաֆարյանը:

Քննարկմանը ներկա դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հանրային կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը, անհիմն համարելով բողոքող փաստաբանների պատճառաբանությունները, լրագրողների հետ զրույցում նշեց Եվրոպական դատարանի կարծիքը այս հարցի վերաբերյալ:

«Եվրադատարանը համարում է, որ այն ծավալը, որով պատճառաբանվում է որոշումը, ամբողջությամբ համապատասխանում է Կոնվենցիայի համապատասխան դրույթին», - ասաց նա:

Բաբայանը կարծում է, որ Վճռաբեկ դատարանը իր գործը լավ է կատարում. - «Իրավական բոլոր ճանապարհները սպառելով եւ իրավաբանորեն պարտություն կրելով` մեր որոշ փաստաբաններ ուղղակի որոշել են բողոքի ծայրահեղ միջոցի դիմել, սա մի քիչ երեւի թե քաղաքական գործադուլ է: Եթե ավելի հստակ ասենք` ինչ որակի բողոք ներկայացվում է, այդ որակի էլ, դեռ մի բան էլ ավելին, ստացվում է պատասխան»:

Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հանրային կապերի ծառայության պետն, անդրադառնալով փաստաբանների նախորդ տարվա մեկօրյա գործադուլին, նշում է, որ այս անգամվա գործադուլի մասնակիցների թիվը պակասել է մոտ 400-ով: Սրանք այն մասնագետներն են, ովքեր սպասում են օրենսդրական փոփոխությունների այս ոլորտում, պարզաբանում է Բաբայանը:

Մինչ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունումը, փաստաբաններից շատերը շարունակում են հայտարարել, որ քաղաքացիների վստահությունը դատական համակարգի նկատմամբ նվազում է, այս ճյուղը անկախ լինելու փոխարեն շարունակում է դակիչ գործառույթ ունենալ հօգուտ իշխանությունների: Փաստաբան Սեդա Սաֆարյանը նկատում է, որ եթե դատական իշխանությունում գործեր պրոֆեսիոնալիզմը, այս իրավիճակը չէր լինի:

«Որոշ դատավորների հանում են, բայց մեծամասնությունը այդ գործերին նայում է ոչ թե փաստերով եւ ապացույցների գնահատմամբ, այլ մի տեսակ ավանդույթային սկզբունքով, մի տեսակ կողմնակի ազդեցությունները հաշվի առնելով», - ասում է Սաֆարյանը:

Փաստաբան Մերի Խաչատրյանն էլ նշում է, որ այս հարցի լուծման համար բացակայում է քաղաքական կամքը: