Արյունալի բախումներ Թուրքիայում

Թուրքիա - Ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումները Ստամբուլում վարչապետի գրասենյակի դիմաց, 2-ը հունիսի, 2013թ.

Թուրք ցուցարարների բախումները ոստիկանության հետ անցած գիշեր ամենաարյունալին են եղել: Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ` Ստամբուլի կենտրոնում գտնվող մզկիթները եւ խանութները վերածվել են վիրավորներին առաջին օգնություն ցուցաբերող կետերի:

Ձերբակալվածների թիվը հասնում է 1700-ի:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել ցուցարարներին, ովքեր երրորդ օրն է բողոքի լայնամասշտաբ ակցիաներ են անցկացնում երկրի խոշոր քաղաքներում: Էրդողանը ցույցերը որակել է հակաժողովրդավարական` պնդելով, թե դրանց հետեւում կանգնած են արտասահմանից աջակցություն վայելող մարգինալ խմբավորումներ: