Փաստաբանը Հայրապետյանի ցուցմունքներում հակասություններ է նկատել

Your browser doesn’t support HTML5

Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն այսօր, քննարկելով Վահե Ավետյանի իրավահաջորդի եւ մյուս տուժողների փաստաբանների միջնորդությունը, որոշեց դատարան հրավիրել լրացուցիչ վկաների:

Դատավորը թվարկեց ութ վկաների, մինչդեռ տուժող կողմի ներկայացուցիչները միջնորդել էին դատարան հրավիրել եւ հարցաքննել ավելի քան 30 վկաների: Տուժող կողմի ներկայացուցիչներ` փաստաբաններ Լուսինե Հակոբյանը եւ Տիգրան Եգորյանը պնդում են, որ լրացուցիչ վկաների դատակոչելը բխում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ապահովելու` օրենքի պահանջից, ինչը, ըստ միջնորդության, չի ապահովվել նախաքննությամբ:

Մեղադրող Արթուր Դավթյանը, լրացուցիչ վկաներին դատարան հրավիրելու վերաբերյալ կարծիք հայտնելիս, անդրադարձավ մինչ այժմ դատարան հրավիրված հինգ լրացուցիչ վկաների հարցաքննությանը` մասնավորապես, ընդգծելով «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի դատարան գալը եւ նրա ցուցմունքը:

«Տեւական ժամանակ այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ վկա Ռուբեն Հայրապետյանի հարցաքննությունը ինչ-որ շրջադարձային նշանակություն է ունենալու, հեղափոխություն կարող է լինել այս գործի քննության ընթացքում, բայց եկավ, հարցաքննեցին, եւ ես ինչքան համեմատում եմ նրա` դատաքննության եւ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, կարծում եմ` նախաքննական ցուցմունքները ավելի բովանդակային են եղել», - ասաց մեղադրողը:

Ամբաստանյալների հարազատների շարքից լսվեց ռեպլիկ` «ի՞նչ եք կպել Ռուբեն Հայրապետյանից»: Ամբաստանյալ Արման Խաչատրյանի մայրը շարունակեց, թե ինչ պետք էր, Ռուբեն Հայրապետյանը եկավ ասաց-գնաց: Ռուբեն Հայրապետյանը, ի դեպ, Արման Խաչատրյանի վերաբերյալ ասել էր, թե վերջինս «մեքենայի մեջ է եղել, որովհետեւ վատ է զգացել»:

Ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե գործի հանգամանքների պարզաբանման տեսանկյունից շրջադարձայի՞ն էր արդյոք Հայրապետյանի ցուցմունքը, ասաց. - «Կարեւոր էր այնքանով, որքանով որ դատարանը հետագայում կգնահատի»:

Ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ կարծում է, որ Հայրապետյանի ցուցմունքը որեւէ լրացուցիչ բան չի ավելացրել քրեական գործին` լույս սփռելու առումով:

Հայրապետյանը, հիշեցնենք, դատաքննության ժամանակ ասել էր, թե դեպքի մասին առաջին անգամ լսել է, երբ գտնվել է Ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ այդ ժամանակ բնակվում էր ընտանիքի հետ, քանի որ իր տանը վերանորոգում էր ընթանում:

Տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ որեւէ հիմնավորում այլ անձանց ցուցմունքների տեսքով չկա այն մասին, որ Ռուբեն Հայրապետյանն անցյալ տարվա հունիսի 17-ին բնակվելիս է եղել Ֆուտբոլի ակադեմիայում:

Մեղադրող Արթուր Դավթյանը նաեւ Հայրապետյանին հարցրել էր, թե ումի՞ց է իմացել «Հարսնաքարում» տեղի ունեցածի մասին: Վերջինս ասել էր, թե դեպքի մասին տեղեկացել է ռեստորանի տնօրենից:

Վահե Ավետյանի իրավահաջորդի եւ մյուս տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի գնահատմամբ` Հայրապետյանի ցուցմունքներն ի հայտ են բերել հակասություններ:

«Բացահայտվեցին որոշ հակասություններ Հայրապետյանի` նախաքննության եւ դատաքննության ընթացքում տված ցուցմունքների միջեւ, մասնավորապես, «Հարսնաքարի» տնօրեն Հրաչ Զոհրաբյանի գործողությունների հետ կապված: Նա դատաքննության ընթացքում պնդեց, որ 15 րոպե հետո Հրաչ Զոհրաբյանն է հայտնել իրեն, որ Վահե Ավետյանին վիրահատում են: Իսկ Հրաչ Զոհրաբյանը իր տված ցուցմունքով հայտնել էր, որ նա ժամեր հետո է այդ մասին իմացել եւ լսել է լրատվամիջոցներից», - ասաց Եգորյանը:

Հավելենք, որ այսօր դատավորը հերթական անգամ նկատողություն արեց ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մորը` դատական նիստը խանգարելու համար: Իսկ դատարանի բակում ամբաստանյալի մայրը վիրավորական արտահայտություններ եւ անեծքներ էր հնչեցնում լրագրողների հասցեին:

Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 4-ին: