Հայաստանն ու Բելառուսը կխորացնեն համագործակցությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել երեկ, այսօր Հայաստանի նախագահի նստավայրում բանակցություններ է վարել Սերժ Սարգսյանի հետ:

Հանդիպումից հետո երկու նախագահները լրագրողների հետ հանդիպմանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Սերժ Սարգսյանը ստացել է հայ ժողովրդի անվերապահ վստահությունը», - ասաց Ալեքսանդր Լուկաշենկոն: - «Ես, որպես Ձեր կոլեգան, ընկերը, հաջողություն եմ մաղթում: Մենք պատրաստ ենք լինել Ձեր կողքին եւ առաջիկա 5 տարիներին աջակցել Ձեր ծրագրերի եւ մտահղացումների իրականացման հարցում»:

Անդրադառնալով երկու երկրների համագործակցությանը` Բելառուսի նախագահն ընդգծեց, որ այդ հարցում իրենք փակ թեմաներ չունեն` սկսած գյուղատնտեսական հարցերից մինչեւ ռազմաքաղաքական խնդիրներ:

Բայց այսօր, Լուկաշենկոյի խոսքով, գլխավոր առաջնահերթությունը տնտեսական հարաբերությունների զարգացումն է. - «60 միլիոն դոլարի ապրանքաշրջանառությունն ուղղակի ամոթալի է մեր ժողովուրդների եւ պետությունների համար, եւ ես վստահ եմ, որ հայկական հողի վրա տեղի ունեցած մեր այսօրվա հանդիպման եւ բանակցությունների արդյունքում առաջիկա երկու տարիների ընթացքում անպայման կկրկնապատկվի ապրանքաշրջանառությունը»:

Անդրադառնալով համագործակցությանն ատոմային էներգետիկա ոլորտում` Բելառուսի նախագահը նշեց, որ իրենց հետաքրքրում է Հայաստանի փորձն այդ ոլորտում:

«Դուք երեւի գիտեք, որ Բելառուսը կառուցում է իր երկրի պատմության մեջ առաջին ատոմակայանը: Դուք նմանատիպ օբյեկտների շահագործման լուրջ փորձ եք կուտակել, եւ մենք հույս ունենք, որ Հայաստանը գոնե մեկ տասնյակ լավ մասնագետների կուղարկի Բելառուս, որպեսզի նրանք առաջնային փուլերում օգնեն մեզ», - ասաց Լուկաշենկոն` հավելելով, որ երկու երկրների միջեւ արդեն ստորագրվել է միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության եւ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնագիր:

Նշենք, որ վաղը նախատեսված է Ալեքսանդր Լուկաշենկոյի ճանաչողական այցը Մեծամորի ատոմակայան:

Բելառուսի նախագահը չանդրադարձավ Լեռնային Ղարաբաղի խնդրին: Այդ մասին խոսեց Հայաստանի նախագահը. - «Ես եւս մեկ անգամ ընդգծեցի, որ Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է խաղաղություն եւ իր պատմական հայրենիքում ազատ զարգանալու հնարավորություն: Նրանք ցանկանում են իրենց ինքնիշխանության միջազգային ճանաչմանը հասած այլ ժողովուրդների հետ հավասար հնարավորություններ: Ես հավաստիացրեցի Ալեքսանդր Լուկաշենկոյին, որ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ մենք պատրաստ ենք այդ հակամարտության խաղաղ լուծմանը»:

Խոսելով Բելառուսի նախագահի ներկա այցի մասին` Սերժ Սարգսյանն ասաց. - «Կարծում եմ, որ Ալեքսանդր Լուկաշենկոն կհամաձայնի ինձ հետ, որ այցին նախորդող մեծաքանակ շփումներն ամենատարբեր մակարդակներում նպաստեցին նրան, որ քիչ առաջ ստորագրվեց փաստաթղթերի ծանրակշիռ փաթեթ: Այնպես որ, պարոն Նախագահի այցը ժամանակին էր եւ դատապարտված է հաջողության»:

Այսօր կայացած բանակցությունների արդյունքներով ստորագրվել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր, մասնավորապես, միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության, գյուղատնտեսության եւ սպորտի ոլորտներում:

Ալեքսանդր Լուկաշենկոյի այցի ծրագիրը բավական հագեցած է: Այսօր նա արդեն եղել է Ծիծեռնակաբերդում, ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հուշարձանին, Պատվավոր հյուրերի արահետում ջրել է 2001 թվականին իր տնկած ծառը:

Վաղը Բելառուսի եւ Հայաստանի նախագահները Աբովյանում մասնակցելու են Գագիկ Ծառուկյանի ընտանիքի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցու օծման արարողությանը:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Ծառուկյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն մտերիմ հարաբերություններ ունեն: Թերեւս դրանով է պայմանավորված, որ Լուկաշենկոն որդու հետ հյուրընկալվել է Ծառուկյանի տանը: ԲՀԿ-ի խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ, Գագիկ Ծառուկյանը ունի հատուկ հյուրերի համար նախատեսված ընդունելության տուն: