«Վրացական Երազանքը» առաջադրեց Գեորգի Մարգվելաշվիլիի թեկնածությունը

Վրաստանի կրթության նախարար Գեորգի Մարգվելաշվիլի

Եթե Վրաստանի քաղաքական դաշտում առաջիկա ամիսներին որեւէ անակնկալ տեղի չունենա, ապա այսօր արդեն կարելի է վստահաբար պնդել, որ երկրի չորրորդ նախագահի անունն է լինելու Գեորգի Մարգվելաշվիլի:
Կրթության նախարարի պաշտոնը զբաղեցնող 43-ամյա Մարգվելաշվիլին շաբաթ երեկոյան այս պաշտոնում առաջադրեց «Վրացական Երազանք» դաշինքը: Իշխող քաղաքական ուժի որոշման մասին լրագրողներին հայտնեց անձամբ Բիձինա Իվանիշվիլին՝ իշխող քաղաքական ուժի առաջնորդը:

«Մենք որոշեցինք աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու առաջադրել Գեորգի Մարգվելաշվիլիի թեկնածությունը: Սա միաձայն որոշում է, կարող եմ անգամ ասել, որ այլ թեկնածություններ չեն էլ քննարկվել, քանի որ Մարգվելաշվիլիի առաջադրումը իդեալական տարբերակ էր», - հայտարարեց Վրաստանի վարչապետը:

Թբիլիսիում շատերի համար անակնկալ էր, որ նախագահի պաշտոնում չառաջադրվեց պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի թեկնածությունը: Ալասանիան, սակայն, լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ ամիսներ առաջ «Վրացական Երազանքը» դադարել է իրեն դիտարկել որպես նախագահի պաշտոնի հավակնորդ:

«Դաշինքում իմ թեկնածության առաջադրման մասին որեւէ քննարկում չի եղել: Վարչապետը տեղյակ էր իմ դիրքորոշման մասին, մենք դեռ ամիսներ առաջ պայմանավորվեցինք, որ ես պետք է կենտրոնանամ պաշտպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումների վրա», - նշում էր Ալասանիան շաբաթ օրը:

Ինքը Գեորգի Մարգվելաշվիլին «Վրացական Երազանք» դաշինքի այս որոշման հրապարակումից անմիջապես հետո ակնհայտորեն հուզված էր:

«Ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել գործընկերներիս: Սա ինձ համար մեծ պատիվ է եւ ահռելի պատասխանատվություն», - նշում էր Մարգվելաշվիլին:

Գեորգի Մարգվելաշվիլին քաղաքականություն է եկել գիտական ասպարեզից: Նա երկար տարիներ զբաղեցնում էր իր իսկ հիմնադրած Հանրային կապերի վրացական ինստիտուտի (GIPA) ռեկտորի պաշտոնը: Մարգվելաշվիլին նաեւ համարվում էր Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի ամենամոտ ընկերներից մեկը: Վրացական աղբյուրները նշում են, որ Մարգվելաշվիլին բավական սերտ կապերի ունի Սահակաշվիլիի հետ «Վարդերի հեղափոխությունն» իրականացրած, բայց հետագայում ընդդիմադիր դարձած եւս մեկ գործչի` Նինո Բուրջանաձեի հետ: 2008-ին, երբ Բուրջանաձեն համալրեց ընդդիմության շարքեը, Մարգվելաշվիլին զբաղեցնում էր նրա խորհրդականի պաշտոնը:

Վրաց փորձագետները բավական բարձր են գնահատում Մարգվելաշվիլիի՝ նախագահ ընտրվելու շանսերը:

Մարտ ամսին ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի անցկացրած հետազոտության համաձայն Վրաստանի բնակչության 58 տոկոսը պատրաստ է նախագահ ընտրել ցանկացած քաղաքական գործչի, ում կսատարի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: