Հայաստանի եւ Ղարաբաղի նախագահների հանդիպում Ստեփանակերտում

Հայաստանի եւ Ղարաբաղի նախագահները Ստեփանակերտում Հաղթանակի տոնին նվիրված հանդիսությունների ժամանակ, արխիվ

Երեկ Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը:

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` նախագահները քննարկել են երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական գործակցությանը, ֆինանսական եւ բանկային հատվածների զարգացմանը:

Երկուստեք նշվել է, որ տնտեսական կապերի շարունակական ընդլայնումը եւ խորացումը Հայաստանի եւ Ղարաբաղի առաջընթացի կարեւոր նախապայմաններից մեկն է, ինչը նպաստում է առկա ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպմանը մասնակցել են Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, պաշտոնատար այլ անձինք:

Սերժ Սարգսյանը Ղարաբաղի մայրաքաղաք էր մեկնել աշխատանքային այցով եւ մասնակցում էր մայիսյան Եռատոնին նվիրված հանդիսություններին: