Լուկաշենկան հայտարարել է, որ Բելառուսը մնում է «սառը պատերազմի» թիրախ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկան այսօր Մինսկում մեծարելով Երկրորդ աշխարհամարտի վետերաններին, հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ասել է, որ իր երկիրը մշտապես մնում է «սառը պատերազմի» թիրախ։

«Ոմանք Արեւմուտքում չեն հասկանում, որ Բելառուսը բանանային հանրապետություն չէ, որը պետք է ղեկավարվի անդրօվկիանոսյան դեմոկրատիաների հրահանգներով։ Նրանք ուզում են մեզ խեղդել պատժամիջոցներով։ ՆԱՏՕ-ի օդանավերը թռիչքներ են կատարում մեր սահմանների մոտ, նրանք նոր ռազմակայաններ են ստեղծում, սակայն ոչ ոք չի կարող բելառուսներին պարտադրել` փոխել ընտրած ուղին»,- ասել է Լուկաշենկան։

Բելառուսի նախագահին արեւմտյան քաղաքական շրջանակներում անվանում են «Եվրոպայի վերջին դիկտատոր» եւ քննադատում են մարդու իրավունքները ոտնահարելու, հասարակական կազմակերպությունների աշխատակիցներին, անկախ լրագրողներին, ազգային փոքրամասնություններին եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներին հալածելու համար։