Կառավարությունը խոստանում է աշնանը ներկայացնել արտագաղթի մասին իրական վիճակագրություն

Your browser doesn’t support HTML5

Հայաստանից արտագաղթողների թվի մասին հնարավոր կլինի պատկերացում կազմել միայն այս տարվա աշնանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտագաղթի մասին վերջերս շատ են խոսում, Կառավարությունը 13 միլիոն դրամ է հատկացրել Հայաստանում «Միգրացիայի հոսքերի հետազոտություն» անցկացնելու համար։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը։

Նշենք, որ չնայած տեւական ժամանակ խոսվում է արտագաղթի աճի մասին, նման հետազոտություն վերջին 6-7 տարիներին չի արվել

Հիշեցնենք, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի սահմանային անցակետերով տեղաշարժվել է 657 հազար մարդ, ինչը գրեթե 125 հազարով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Ընդ որում, մեկնողների եւ ժամանողների բացասական հաշվեկշիռը նշված ժամանակահատվածում կազմել է մոտ 35 հազար մարդ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10 հազարով ավելի։

Իրինա Դավթյանը պնդում է, որ այս թվերը պետք չէ կապել արտագաղթի հետ, քանի որ ոչ ամեն մի ուղեւոր դեռ միգրանտ չէ: Ավելին` շատ դեպքում խոսքը ոչ թե արտագաղթի, այլ ընդամենը արտագնա աշխատանքի մասին է. – «Դրանք տիպիկ սեզոնային աշխատողներ են, չմոռանանք՝ ինքը ամեն դեպքում հետ է վերադառնում»։

Մեկ այլ հետաքրքիր ցուցանիշ՝ Ազգային վիճակագրական ծառայության կայէջից. 2011-12 ուս տարում առաջին դասարանում սովորել է 36 հազար 51 երեխա, իսկ 2012-13 ուստարում երկրորդ դասարանում արդեն 35 հազար 527 երեխա: Այսինքն 524 երեխա չէր կարող պարզապես անհետանալ կամ էլ մեկնել արտագնա աշխատանքի:

Միգրացիոն ծառայության պետի տեղակալը մեկնաբանում է. – «Այդ երեւույթը գոյություն ունի, իհարկե։ Բայց խոսքը այստեղ չափերի մասին է։ Մենք, համենայնդեպս վերջին տարիներին, այդպես մեծամասշտաբ, ահագնացող չափերի հասնող արտագաղթ չենք կարող ասել, որ ունեցել ենք»։