Ավարտվում է Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը

Քարոզչական պաստառներ Երեւանի փողոցներում

Այսօր ավարտվում է Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, վաղը օրենքով սահմանված կարգով լռության օր է, մայիսի 5-ին կընտրվի Երեւանի նոր ավագանին:

Ընտրություններին մասնակցում են 7 քաղաքական ուժեր (այբբենական կարգով)` «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, «Բարեւ Երեւան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես», Հայաստանի հանրապետական, ՀՅ Դաշնակցություն եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները:

Ըստ Ոստիկանության հաղորդագրության, քննարկվել եւ քննարկման փուլում են քարոզարշավին առնչվող 9 դեպքեր, որոնցից 1-ը` ընտրակաշառքների, 5-ը` քարոզարշավը խոչընդոտելու, 2-ը` ծեծի եւ վիճաբանության, 1-ը` լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ:

Առավել աղմկահարույց երկու միջադեպերի` ապրիլի 22-ին Աջափնյակ համայնքում Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստին ծեծի ենթարկելու եւ հաջորդ օրը Նոր Նորքում հանրապետական թեկնածուներից մեկի կողմից iLur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի դեմ կիրառված բռնության գործերով առայժմ կասկածյալներ չկան, նախաքննություն է ընթանում: