Մանկատները վերածվելու են երեխաների խնամքի կենտրոնների

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ծրագրում է ժամանակի ընթացքում հանրապետության տարածքում գործող բոլոր մանկատները վերածել երեխաների խնամքի կենտրոնների, որտեղ երեխաները կլինեն միայն ցերեկային ժամերին:

Մասնագետների գնահատմամբ, երեխայի խնամքի համար նախատեսված բոլոր հաստատությունները պետք է ժամանակավոր լինեն, քանի որ ընտանիքում նա ստանում է այն, ինչը որեւէ մանկատանը կամ խնամքի կենտրոնում ստանալ չի կարող: Հետեւաբար, հարկավոր է պարզապես ֆինանսական եւ հոգեբանական օգնություն ցուցաբերել վատ սոցիալական պայմաններում ապրող ընտանիքներին, որպեսզի դրանք կարողանան ընդունել եւ ապահովել իրենց երեխաներին:

«Բազմաթիվ խնդիրներ, որոնք դիտարկվում են որպես երեխայի խնդիրներ, հասարակության խնդիրներն են, եւ պետք է օգնենք ընտանիքին լուծել դրանք, այդպիսով փորձելով օգնել երեխային», - այսօր հրավիրած ասուլիսում նշեց «Յունիսեֆ»-ի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը:

Սակայն մանկատներում ապրող երեխաները ոչ միշտ են ցանկանում ընտանիք վերադառնալ։ Մասնագետների խոսքով, կան երեխաներ, որոնք ասում են. եթե իմ ծնողները ինձնից հրաժարվել են, ես չեմ ուզում վերադառնամ նրանց մոտ: Բացի այդ, ծնողները ոչ միշտ են ապրում այնպիսի կյանքով, որպեսզի կարողանան հոգ տանել երեխաների մասին:

«Մենք այժմ ունենք մի 10 տարեկան երեխա, որը ամեն այլասերվածություն տեսել է իր մորից: Այդ պատճառով նա խորքային հոգեբանական փոփոխություններ ու վարքային խնդիրներ ունի: Նա դեպրեսիայի մեջ ապրող երեխա է: Դա ավելի վատ է, քան երեխաների ակտիվ հակադրվող վարքը», - ասաց երեխաների խնդիրներով զբաղվող Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի տնօրենը:

Մեկ այլ հարց է, թե արդյոք ֆինանսական եւ հոգեբանական աջակցություն ցուցաբերելով ընտանիքին, պետությունը կարող է վստահ լինել, որ այդ միջոցներն ուղղվում են հենց երեխայի խնամքին: Այդ վերահսկողությունը, մասնագետների կարծիքով, պետք է սահմանեն համայնքային կենտրոնները:

Երկար տարիներ Կանադայում աշխատած հոգեբան Կարեն Հարությունյանը նշեց, որ հիմա Հայաստանյան կառույցներն ունեն այն պոտենցիալը, որ կարողանան ուղղորդված ծառայություններ տրամադրել ընտանիքներին: Հարկավոր է պարզապես վերապատրաստել որոշ աշխատակիցների:

«Օրինակ սոցիալական աջակցության բաժինների աշխատակիցներին, որոնք կոչվում են թոշակ բաժանողներ, կարելի է օգտագործել նաեւ ընտանիքներին աջակցելու նպատակով», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Կարեն Հարությունյանը:

Հավելենք, որ ըստ Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի ուսումնասիրությունների ոլորտում փորձառություն ունեցող երկրների օրինակը փաստում է, որ աջակցության շնորհիվ չորս ընտանիքներից երեքի դեպքում իրավիճակը կայունանում է: Իսկ հատուկ կրթական բնույթի հաստատություններում երեխաներին տեղավորելը պետք է լինի բացառիկ դեպքերում, երբ ընտանիքը պատրաստ չէ կիսել երեխայի հոգսը կրթական եւ համայնքային մարմինների հետ: