Դինքի սպանության պատվիրատուները «խորը պետության շրջանակներից են»

Your browser doesn’t support HTML5

Թուրք փաստաբան. «Դինքի սպանության պատվիրատուները խորը պետության շրջանակներից են»

Թուրք փաստաբան Էրդալ Դողանը, ով Թուրքիայում հրատարակվող «Ագոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի փաստաբանն է եղել, իսկ վերջինս սպանությունից հետո ներկայացրել է Դինքի ընտանիքի շահերը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Դինքի սպանության գործով դատաքննության ընթացքը պարզորոշ ցույց է տալիս, որ կազմակերպիչներն ու պատվիրատուներն, այսպես կոչված, «խորը պետության» շրջանակներից են:

Էրդալ Դողանը ներկայումս Դինքի գործով փաստաբանական խմբում ընդգրկված չէ, սակայն ներգրավված է մեկ այլ՝ ոչ պակաս աղմկահարույց՝ «Զիրվեի» հրատարակչատան սպանությունների գործով ընթացող դատաքննության մեջ:

Հիշեցնենք` 2007 թվականի ապրիլին Թուրքիայի Մալաթիա քաղաքում գործող «Զիրվե» հրատարակչատան վրա հարձակման հետեւանքով զոհվեցին քրիստոնեական գրականություն հրատարակող այդ հաստատության երեք աշխատակիցներ, որոնցից մեկը Գերմանիայի, երկուսը՝ Թուրքիայի քաղաքացիներ էին: Զոհվածները, հանդիսանալով բողոքական եկեղեցու հետեւորդներ, Թուրքիայում նաեւ միսիոներական գործունեություն էին ծավալում:
Փաստաբան Դողանը ընդգծեց` «դատաքննության ընթացքում բացահայտված փաստերը վկայեցին, որ այդ սպանություններն ու Հրանտ Դինքի սպանությունը միմյանց հետ փոխկապված են եւ ուղղորդվել են այդ նույն` «խորը պետության» ներկայացուցիչների կողմից»:

«Խորը պետությունը» (անգլերեն` The deep state, թուրքերեն` derin devlet) Թուրքիայում ենթադրաբար գործող ազդեցիկ, հակաժողովրդավարական այն խմբեր են, որոնք առնչություններ ունեն ներքին եւ արտաքին հետախուզական ծառայությունների, բանակի, անվտանգության, արդարադատության համակարգերի եւ մաֆիայի հետ: Համարժեք է «պետություն պետության մեջ» հասկացությանը:

Խոսելով թուրքական հասարակությունում ընթացող խմորումների մասին` Դողանն ասաց, որ այսօր թուրքական պետությունը եւ թուրքական հասարակությունը միանգամայն տարբեր բաներ են եւ հանրային հնչեղություն ունեցող շատ հարցերում, այդ թվում` Հայոց ցեղասպանության փաստի հանդեպ ունեցած վերաբերմունքի առումով, գտնվում են տարբեր հարթություններում:

«Հասարակությունը, բարեբախտաբար, մեծ առաջընթաց է ապրել եւ շատ առաջ է անցել պետությունից: Երբ կոնկրետ նշածս` Հրանտ Դինքի, «Զիրվեի» եւ այլ գործերով հաջողվեց բացահայտել այսպես կոչված «խորը պետության» ներկայացուցիչների մասնակցությունը, բացահայտումների այդ շղթան ցնցեց ողջ թուրքական հասարակությանը: Դա մարդկանց, հասարակության շատ անդամների ստիպեց մտածել եւ բոլորովին այլ կերպ գնահատել երեւույթները», - ասաց Դողանը:

Թուրք փաստաբանը Երեւանում է գտնվում հայ եւ թուրք մտավորականների միջեւ տեղի ունեցող հանդիպումների հասարակական նախաձեռնության շրջանակներում: Դողանը նշեց, թե վաղուց էր ծրագրել Հայաստան այցելել:

«Հրանտ Դինքի հետ միասին էինք գալու, սակայն տեղի ունեցած ողբերգությունը խափանեց մեր ծրագիրը: Այժմ՝ ապրիլի 24-ին, Ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը լավագույն առիթն էր, որ այցելեմ Հայաստան», - ասաց նա:

Հանդիպման նախաձեռնողներից ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ երկու հասարակությունների ներկայացուցիչները միմյանց ճանաչելու եւ ավելի լավ հասկանալու խնդիր ունեն:

«Միշտ Թուրքիայից, որ մտավորականությունը գալիս է, շատ դժբախտաբար, մեր հասարակությունը չի ճանաչում նրանց, թե ովքեր են, ինչ են անում… օրինակ, ո՞վ է Էրդալ Դողանը. նա հսկայական գործ անող մարդ է, բայց հայ մտավորականությունը, հասարակությունը ինչպես պետք է ճանաչի նրան, երբ գալիս են 3-4 օրով ու գնում են», - ասաց Հացպանյանը: