Աջափնյակում ծեծի են ենթարկել ՀԱԿ ակտիվիստներին

Your browser doesn’t support HTML5

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները երեկ Աջափնյակ վարչական շրջանում քարոզչություն իրականացնելիս բռնության են ենթարկվել։

«Ազատություն» ռադիոկայանի ունեցած տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմաններում։

ՀԱԿ ակտիվիստներից մեկը՝ Կոնգրեսի Աջափնյակի տարածքային կառույցից Ալեքսանդր Հախվերդյանը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ուղեղի ցնցում ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված երիտասարդի գլխին 3 կար է դրվել։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Կոնգրեսի Աջափնյակի տարածքային կառույցի քարոզչական խմբի պատասխանատու Գեւորգ Գեւորգյանը։

Գեւորգյանի խոսքով, Աջափնյակի 17 թաղամասում քարոզչություն անելու ընթացքում ՀԱԿ ակտիվիստներին են մոտեցել 15-17 տարեկան մի քանի երիտասարդներ ու նշել, թե իրենք թաղում հեղինակություն վայելող Պզեի եղբայրներն են, ՀՀԿ-ական են, եւ այդ թաղամասում քարոզչություն անելու իրավունք ոչ ոք չունի։ Այնուհետեւ, երբ ՀԱԿ ակտիվիստները շարունակել են իրենց քարոզչությունը, նրանց են մոտեցել այդ նույն երիտասարդների ավագ ընկերները՝ միջին տարիքի 20-30 հոգի եւ ծեծի ենթարկել Կոնգրեսի 10 երիտասարդ ակտիվիստներին։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը տեղեկացրեց, որ Ոստիկանությանն արդեն հայտնի են միջադեպի մասնակիցները, նրանք բացատրություն են տվել: Ոստիկանության Մաշտոցի բաժանում միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, նախաքննությունը շարունակվում է։ Մալխասյանը այլ մանրամասներ չհրապարակեց:

Իշխող Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբը, անդրադառնալով այս միջադեպին, հայտարարել է, թե «դատապարտում է ցանկացած բռնություն եւ անթույլատրելի է համարում քարոզարշավը խոչընդոտող ցանկացած ոտնձգություն եւ միաժամանակ ընտրարշավի մասնակից բոլոր ուժերին կոչ է անում շարունակել քաղաքակիրթ քարոզարշավ»: