Պայթյուն Տրիպոլիում ֆրանսիական դեսպանատան մոտ. կան վիրավորներ

Լիբիայում Ֆրանսիայի դեսպանատունը ահաբեկչական հարձակման է ենթարկվել, որի արդյունքում դեսպանատան անվտանգության երկու ֆրանսիացի աշխատակիցներ վիրավորվել են։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։

Լիբիայի պետական ԼԱՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, դեսպանատան դեմ ուղարկված պայթուցիկ նյութերով մեքենայի բռնկման հետեւանքով քանդվել է դեսպանատան արտաքին պատը, վառվել են դեսպանատան մոտ կայանված մի քանի ավտոմեքենաներ, ավերածություններ են պատճառվել շենքի ներսում։

Հարձակման պատճառը առայժմ հայտնի չէ։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Լիբիայի իշխանությունների կոչ է արել հայտնաբերել եւ պատժել ահաբեկչության մեղավորներին։

Անցած տարվա սեպտեմբերին Բենգազի քաղաքում գտնվող ամերիկյան դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով սպանվել էր Լիբիայում ԱՄՆ–ի դեսպանը եւ դեսպանատան երեք ամերիկացի աշխատակիցներ։