ՄԱԿ. Սիրիայում ստեղծված իրավիճակը «հումանիտար աղետ է»

Հալեպ -- Մարդը նայում է իր տան ավերակներին` կառավարական օդուժի ռմբակոծությունից հետո, 15-ը ապրիլի, 2013

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը «հումանիտար աղետ է»: ՄԱԿ-ի գնահատականներով` այս երկրում մոտ 6.8 միլիոն մարդ օգնության կարիք ունի:

ՄԱԿ-ի հումանիտար գործողությունները համակարգող գործակալության ղեկավար Վալերի Ամոսը կառույցի Անվտանգության խորհրդին ասել է, որ 4 միլիոն սիրիացի ներքին տեղահանության է ենթարկվել արդեն երկու տարի ձգվող հակամարտության հետեւանքով, իսկ 1.3 միլիոն մարդ էլ լքել է Սիրիան` ապաստան գտնելով Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում:

Ամոսը շեշտել է, որ հակամարտությունից ամենաշատ տուժում են հասարակ մարդիկ եւ երեխաները:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել` պահանջելով վերջ տալ բռնություններին եւ հակամարտող կողմերին կոչ է արել թույլատրել մարդասիրական կազմակերպություններին գործունեություն ծավալել Սիրիայի տարածքում: