Ռուսաստանում պահանջում են ԱՊՀ երկրների հետ վիզային ռեժիմ սահմանել

Ուզբեկ միգրանտները Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանում վերջերս ավելի հաճախ են դարձել ԱՊՀ երկրների հետ վիզային ռեժիմի անցնելու մասին հայտարարությունները:

Այս պահանջ առաջին հերթին վերաբերում է Հարավային Ասիայի երկրներին` Տաջիկստանին, Ուզբեկստանին, Ղրղըզստանին, սակայն շատ փորձագետներ կարծիք են հայտնում, որ առաջիկայում Կրեմլը կփորձի վիզային ռեժիմի լծակն օգտագործել նախկին ԽՍՀՄ բոլոր այն պետությունների դեմ, որոնք չեն ցանկանա անդամակցել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած Եվրասիական միությանը:

Կիրակի օրը Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինը հայտարարել է, որ հնարավոր է` արդեն այս տարի Հարավային Ասիայի բնակիչների համար մուտքը Ռուսաստան հնարավոր լինի միայն արտասահմանյան անձնագրերով:

«Համենայնդեպս, սա վերաբերվում է Տաջիկստանի քաղաքացիներին», - ասել է Ռագոզինը:

Նկատենք, որ հենց Տաջիկստանից են ամենաշատ Ռուսաստան գալիս աշխատանքային միգրանտները: Վերջին ժամանակաշրջանում Մոսկվայում գաստերբայթերների դեմ իսկական շարժում է սկսվել:

Կիրակի օրը Մոսկվայի Սուվորովի անվան հրապարակում հավաքվել էին մոտ 300 քաղաքացիներ, ովքեր բողոքում էին միգրանտների դեմ: Արտոնված բողոքի ակցիան կազմակերպել էր Ազգային ժողովրդական կուսակցությունը: Այս նույն կուսակցությունը նախկինում կազմակերպում էր «Բավական է կերակրել Կովկասը» բողոքի միջոցառումները:

«Իրականում ԱՊՀ երկրների հետ վիզային ռեժիմի գաղափարն ավելի շատ աջակիցներ ունի: Մենք վերջերս մոտ 100 հազար ստորագրություններ էինք հավաքել», - ասում է շարժման ակտիվիստ Ալեքսեյ Աբանինը:

Համաձայն վիճակագրության` 10-ը ռուսաստանցիներից 8-ը դեմ է միգրացիայի այսօրվա չափերին: Ռուսաստանցիներն առաջին հերթին բողոքում են տաջիկների, ուզբեկների եւ ղըրղզների դեմ: