Վիկտոր Խրիստենկոյին ընդունել է Սերժ Սարգսյանը

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Հայաստանը մշտապես հետաքրքրված է եղել հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների խորացմամբ եւ հանդես է եկել այդ ուղղությամբ գործնական աշխատանքներն առաջ տանելու դիրքերից: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ զրուցակիցները կարեւորել են փոխշահավետ տնտեսական համագործակցություն զարգացնելու նպատակով ակտիվ երկխոսություն հաստատելու երկկողմ ձգտումը:

Անդրադառնալով Հայաստանի կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ երեկ ստորագրված հուշագրին՝ Խրիստենկոն ընդգծել է, որ այդպիսով գործակցության համար կողմերը կազմակերպչական պայմաններ ստեղծեցին: Նա Սերժ Սարգսյանին է ներկայացրել հանձնաժողովի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հնարավոր ուղղությունները: