Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել

Արմեն Մարտիրոսյանը բերման է ենթարկվում, լուսանկարը` News.am լրատվական-վերլուծական կայքի

Այսօր երեկոյան բերման ենթարկված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի դեմ վարչական վարույթ է հարուցվել: Նա ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բուժօգնություն ստանալուց հետո Մարտիրոսյանը դուրս է եկել հիվանդանոցից:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց փաստաբան Սեդա Սաֆարյանը, Բաղրամյան պողոտայում ընդդիմության եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի ժամանակ կոտրվել է Մարտիրոսյանի քիթը, նա նաեւ այլ մարմնական վնասվածքներ է ստացել:

Ըստ փաստաբանի` Մարտիրոսյանի նկատմամբ կազմվել է արձանագրություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` ոստիկանության ծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը, ինչը պատժվում է տուգանքով:

Սաֆարյանը տեղեկացրեց, որ Մարտիրոսյանին բերման են ենթարկել Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Միաժամանակ փաստաբանը ասաց, որ ինքը հանցագործության մասին հաղորդագրության է ներկայացրել ոստիկանություն` Մարտիրոսյանին ծեծի ենթարկողին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար:

Իրինա Հովհաննիսյան