Գյուղապետի սպանության գործով ձերբակալվածները եղբայրներ են

Ոստիկանությունը հայտարարում է, որ Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով ձերբակալվել են 1980 թվականին ծնված Արտակ Պետրոսյանը եւ 1982 թվականին ծնված Արայիկ Պետրոսյանը:

«Հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունը հիմնավորելու կամ հերքելու ուղղությամբ օպերատիվ-քննչական գործողությունները շարունակվում են: Կատարվում է նախաքննություն», - հայտնում է ոստիկանությունը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ձերբակալվածները եղբայրներ են, Պռոշյան գյուղի բնակիչներ են:

Սպանվածի եղբոր որդին` Հակոբ Մուրադյանը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ճանաչում է եղբայրներին, ասաց` չգիտի նրանք Հանրապետական կուսակցության անդամներ են, թե` ոչ, սակայն միշտ ՀՀԿ-ին են սատարել:

«Եթե իրենք են արել, ուրեմն իրենց ասել են, արել են», - հայտարարեց գյուղապետի ազգականը:

50-ամյա դաշնակցական գյուղապետը սպանվել էր ապրիլի 2-ի առավոտյան գյուղապետարանի բակում: Գյուղապետը մահացել էր աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից արձակված հրազենային վնասվածքից:

ՀՅ Դաշնակցությունը հայտարարել է, որ քաղաքական ենթատեքստ է տեսնում իր ընդդիմադիր պահվածքով առանձնացող Մուրադյանի սպանության մեջ:

Ռուզաննա Ստեփանյան