Ադրբեջանում եւս մի քաղաքական ակտիվիստ կալանավորվեց

Երիտասարդ ակտիվիստ Զաուր Ղուրբանլի

Երկուշաբթի երեկոյան ապօրինի զենք պահելու մեղադրանքով եռամսյա կալանքի ենթարկվեց ադրբեջանական «Նիդա» քաղաքացիական շարժման եւս մի ակտիվիստ` Զաուր Ղուրբանլին: Նա մեղադրվում է ապօրինի զենք պահելու մեջ, ինչը, ըստ ադրբեջանական քրեական օրենսգրքի, 5-8 տարի ազատազրկում է սպառնում երիտասարդին:

Ղուրբանլիի պաշտպան Խալիդ Բագիրովը հայտարարել է, որ գործը սարքված է, իսկ կալանքի մասին դատարանի որոշումը բողոքարկելու են:

«Նիդա» (թարգմանաբար կոչ) քաղաքացիական շարժման ակտիվիստները Ղուրբանլիի եւ մյուս երիտասարդների ձերբակալությունները համարում են քաղաքական ճնշում:

Ադրբեջանում ձերբակալությունների նոր ալիք սկսվել է մարտի 10-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի առնչությամբ. այդ օրը քաղաքացիական ակտիվիստները սոցիալական ցանցերի միջոցով բողոքի ցույց էին կազմակերպել Բաքվի կենտրոնում` բողոքելով բանակում ոչ մարտական պայմաններում արձանագրվող զոհերի փաստի դեմ:

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ էր կիրառել բողոքի ցույցը ցրելու համար:

Քաղաքացիական ակտիվիստների ձերբակալությունները սկսվել էին ցույցից օրեր առաջ. մարտի 7-ին ձերբակալվել էին «Նիդա» քաղաքացիական շարժման երեք ակտիվիստներ Բախտիյար Գուլիեւը, Շահին Նովրուզլուն եւ Մամեդ Ազիզովը` սպասվող ցույցի ընթացքում բռնություններ նախապատրաստելու մեղադրանքով: Նրանց մոտից ոստիկանները թմրանյութ եւ պայթուցիկ նյութեր էին հայտնաբերել, մինչդեռ երիտասարդների հարազատները պնդում են, որ ոստիկանները իրենք են այդ նյութերն իրենց հետ բերել:

Օրեր առաջ տարածած հայտարարության մեջ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը ձերբակալված երիտասարդներին խղճի գերի էր համարել` նշելով, որ ադրբեջանական իշխանությունները հիմնականում ընդդիմախոսներին լռեցնելու համար կիրառում են թմրանյութերի եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքները: