Օմբուդսմենը զեկույց հրապարակեց նախագահի ընտրությունների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Ընտրություններն ավելի ազատ էին, բայց շատերը չեն հավատում դրանց արդարությանը: Այդ մասին ասված է 2013 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի զեկույցում:

Մոտ 30-էջանոց զեկույցում, որը տեղադրված է օմբուդսմենի պաշտոնական կայքէջում, Անդրեասյանը անդրադարձել է ընտրակաշառքների, կրկնաքվեարկության եւ ընտրակեղծիքների այլ դեպքերին ու ահազանգերին:

Ըստ մարդու իրավունքների պաշտպանի` ընտրությունների արդարությանը շատերը չեն հավատում, որովհետեւ`

« - Տասնամյակներ շարունակ նույնիսկ ամենաբիրտ եւ ակնհայտ ընտրախախտումների պարագայում գրեթե բոլոր պետական ինստիտուտները (Ոստիկանություն, Դատախազություն, ԿԸՀ, Սահմանադրական դատարան) պատշաճ չեն արձագանքել դրանց, ինչը պահպանել եւ խորացրել է հանրության վստահության ցածր մակարդակը ընտրական գործընթացների նկատմամբ:

- Ընտրությունների ընթացքում ստացվել են ընտրակաշառքի բաժանման 100 ահազանգ, սակայն Ոստիկանությունը քննության արդյունքում չի բացահայտել ընտրակաշառքի գեթ մեկ դեպք, մինչդեռ կրկնակի քվեարկության 20 ահազանգերի պարագայում 4-ը բացահայտվել են:

- Ընտրությունների ընթացքում գրանցվել են վարչական ռեսուրսի չարաշահման մի շարք դեպքեր, որոնց կապակցությամբ որեւէ անձի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել:

- Ստացված 293 ահազանգերի դեպքերից 273-ով իրավապահ մարմինների կողմից կայացվել են որոշումներ քրեական գործերի հարուցումը մերժելու մասին, այնինչ չեն իրականացվել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները:

- Առանձին դեպքերում իրավապահ մարմինները ընտրակաշառքների եւ այլ ընտրահանցանքների վերաբերյալ ահազանգերը քննելիս բացատրությունները հիմնականում վերցրել են համայնքապետից կամ իշխանական կուսակցության ներկայացուցչից: Հետեւաբար, ըստ ներկայացված տեղեկատվության, ոչ բոլոր դեպքերում է կատարվել բազմակողմանի քննություն, այսինքն` անհրաժեշտ եւ բավարար հիմնավորումներով գործերը ավարտելու համար չեն ներգրավվել գործի ելքով չշահագրգռված բոլոր պատշաճ անձինք:

- Անձնագրերի դրոշմակնքման օրենսդրական պահանջը, որպես կրկնակի քվեարկության բացառման երկաստիճան համակարգի մաս չի ծառայել իր նպատակին, քանի որ օգտագործված թանաքը հեշտորեն հնարավոր էր հեռացնել անձնագրերից:

- Ընդդիմադիր ուժերի և որոշ միջազգային կազմակերպությունների կողմից բացասականորեն ընդգծվել է եւ կասկածների տեղիք է տվել այն հանգամանքը, որ գործող Նախագահին կողմ քվեարկած ձայներն էականորեն մեծ թիվ են կազմել այն տեղամասերում, որտեղ միջինից բարձր է եղել ընտրողների մասնակցությունը»:

Ընտրություններն ավելի ազատ էին, նշում է Կարեն Անդրեասյանը, որովհետեւ՝

« - Թեկնածուների գրանցման ընթացքում օրենքի որեւէ խախտում չի արձանագրվել:

- Թեկնածուների քարոզչության, խաղաղ հավաքների եւ հրապարակային միջոցառումների ընթացքում չեն գրանցվել էական խոչընդոտման դեպքեր:

- Պատշաճ կարգով պահպանվել են ՀՀ Նախագահի թեկնածուների քարոզչության լուսաբանման եւ խոսքի ազատության ապահովման օրենսդրական պահանջները եւ հավասար հնարավորություններ են ընձեռվել բոլոր թեկնածուների համար:

- Շուրջ 3500-ով նվազել են ընտրողների ցուցակներում առկա անճշտությունները, իսկ ՀՀ Ոստիկանությունն էականորեն բարելավել է ընտրողների ցուցակներում անճշտությունների վերացմանն ուղղված վարչարարությունը:

- Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղղված դիմում-բողոքների ուսումնասիրման ընթացքում խնդիրների լուծման ժամանակ էականորեն նվազել է իրավական ձեւապաշտությունը (ֆորմալիզմը):

- ՀՀ Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ու ՀՀ Նախագահի թեկնածուների կողմից առաջադրված է եղել թվով 20690 վստահված անձ եւ հանձնաժողովի անդամներ: Մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցությունը 1988 տեղամասային ընտրական հանձնաժողովներից 1884-ում (95 տոկոս) ունեցել է առաջադրած անդամներ: Ընդդիմության ներկայացուցիչները ներկայացրել են միայն 12 վերահաշվարկի դիմում եւ միայն 70 քվեարկության արդյունքներ անվավեր ճանաչելու դիմում (118 տեղամասերում):

- Ընտրական գործընթացի թերությունների մասին 1988 ընտրական տեղամասերից միայն 44 ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում են կատարվել համապատասխան գրառումներ:

- Ընտրությունների հետընտրական զարգացումների ընթացքում ապահովվել է անձանց ազատ տեղաշարժվելու եւ հավաքներին մասնակցելու իրավունքը:

- ՀՀ Ոստիկանության և ՀՀ Դատախազության կողմից ընտրախախտումների մասին շուրջ 300 հաղորդումները ավելի մանրամասն են ուսումնասիրվել եւ առավել հստակ տվյալներ են տրամադրվել քննության արդյունքների վերաբերյալ:

- Ընտրախախտումների ահազանգերի բնույթը ըստ համայնքների հիմնականում տարբեր է եղել, հետեւաբար ընտրախախտումները չեն կրել համակարգված համապետական բնույթ եւ չեն իրագործվել միասնականորեն մշակված եւ մեկ կենտրոնից ուղղորդվող մեխանիզմներով»: