Ազատության հրապարակում շաբաթ օրը համերգ էր

Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում, մարտ, 2013թ.

Մինչ համերգի սկսվելը փոքր միջադեպ եղավ հրապարակ եկած լարախաղացի ու ոստիկանների միջեւ:
Մոտ երկու շաբաթ Երեւանի Ազատության հրապարակում հացադուլ անող «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շաբաթ օրը հրապարակում հավաքվածներին համերգի էր հրավիրել:

Այս անգամ հրապարակում համերգի էին «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ», «Նորայր Քարտաշյան եւ ընկերներ» երաժշտական խմբերը:

Ազատություն հրապարակը, ինչպես եւ վերջին օրերին, մարդաշատ էր: Մինչ համերգը, նախագահական ընտրություններում ըստ պաշտոնական արդյունքների երկրորդ տեղը զբաղեցրած Հովհաննիսյանի կողմնակիցներն ու «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները խմբված զրուցում էին ներքաղաքական իրավիճակից, քննարկում այն ու մտորում ապագայի հեռանկարների մասին:

Հովհաննիսյանի կողմնակիցներից ոմանք «Ազատություն» ռադիոկայանին ասում էին, որ Ազատության հրապարակ են գալու այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել Հովհաննիսյանի պահանջներն ու արդարություն չի հաստատվել:

Արդեն մեկ շաբաթ է, ինչ «Ժառանգության» ներկայացուցիչները ստորագրահավաք են նախաձեռնել Ազատության հրապարակում. սեղաններ են տեղադրվել, որոնց են մոտենում քաղաքացիներն ու Հովհաննիսյանին իրենց աջակցությունն են հայտնում` ստորագրելով ցուցակներում:

«Սատարում եմ Նոր Հայաստանի պայքարին: Ես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, ողջունում եմ Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը հանուն հայ ժողովրդի հաղթանակի վավերացման եւ համազգային մեր վերածննդի: Ես պատրաստ եմ անմնացորդ զորակցելու Հովհաննիսյանին՝ իր եւ մեր նվիրական պայքարում, ինչպես նաեւ մասնակցելու ապրիլի 9-ին տեղի ունենալիք Նոր Հայաստանի արարողությանը», - նշված է ստորագրահավաքի թերթիկում:

Քաղաքացիները լրացնում են թերթիկը՝ նշելով անուն-ազգանունը, հասցեն, համայնքը, հեռախոսն ու էլեկտրոնային հասցեն:

«Ժառանգության» ներկայացուցիչ Երվանդ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ թեեւ դեռեւս չի հաշվարկել ստորագրահավաքին միացածների թիվը, բայց անցած մեկ շաբաթվա ընթացքում իրենց ստորագրությունը թողնող քաղաքացիների հոսքը չի դադարում: Անգամ գիշերը մարդիկ գալիս են Ազատության հրապարակ ու ստորագրությամբ իրենց աջակցությունը հայտնում, փոխանցեց Հարությունյանը՝ նշելով, որ քիչ չեն նաեւ պետական համակարգում աշխատողները: Ստորագրահավաքին են միացել Հայաստանի տարբեր մարզերի բազմաթիվ բնակավայրերի բնակիչներ: Հարությունյանի խոսքերով` ստորագրահավաքի տվյալները իրենք չեն ներկայացնելու իշխանություններին, այն պարզապես աջակցության համար է:

«Շատ ակտիվ է ու ամբողջ Հայաստանի տարածքով` մարզերով, գյուղերով, քաղաքներով: Ժողովուրդը շատ ակտիվ մասնակցում է ստորագրահավաքին, որովհետեւ սա եւս մեկ անգամ ապացուցում է ձայների իրական պատկերը, եւ սրանով զորակցություն են հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանին եւ սատարում են մեր նոր պայքարին», - նշեց «Ժառանգության» ներկայացուցիչը:

Մինչ համերգը կսկսվեր, փոքր միջադեպ եղավ Ազատության հրապարակ եկած լարախաղացի ու ոստիկանների միջեւ: Ոստիկաններն արգելեցին լարախաղացին տեղադրել լարն ու ելույթ ունենալ՝ պատճառաբանելով, որ դրա համար քաղաքապետարանի կողմից թույլտվություն է հարկավոր:

Միջադեպին նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանն էր ներկա:

«Սա կարող էր շատ հանգիստ անցնել: Այս պահից բացի, փոխգնդապետ, երբ որ մենք էստեղ չենք, հարյուր ու մեկ մարդ իրենց իրավունքով գալիս են, նստում են, վազվզում են, իսկ ոստիկանը որեւէ բան չի ասում», - դիմելով ոստիկանության սպային` ասաց «Ժառանգության» առաջնորդը:

«Իրավունք չունի ասելու. եթե կանաչ տարածք է` երեխա է, թող գա, խաղա, ո՞վ է արգելում», - ասաց ոստիկանության սպան` շարունակելով. - «Բայց, հայկական լեզվով ասած` փահլեւան չի թույլատրվում»:

«Էդպես օրենք կա՞, փահլեւանի արգելքը ո՞ր հոդվածն է», - հակադարձեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչին իրավապահը պատասխանեց. - «Վարչական օրենսգրքի 169 հոդվածը»: