Սերժ Սարգսյանը ավարտել է այցը Բելգիա

Սերժ Սարգսյանի եւ Վիլֆրիդ Մարտենսի հանդիպումը, լուսանկարը` Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բելգիա աշխատանքային այցի շրջանակներում Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որտեղ քննարկվել են Եվրոպայի քաղաքական իրավիճակին, Եվրամիության ֆինանսատնտեսական հիմնահարցերի կարգավորմանը, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարներին վերաբերող խնդիրներ:

Գագաթնաժողովում Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին, հետընտրական զարգացումներին, երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքին, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում գործակցությանն ու առաջիկա անելիքներին:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, ելույթում Սերժ Սարգսյանը վերահաստատել է, որ Հայաստանը վճռական է` շարունակելու համապարփակ բարեփոխումների քաղաքական ուղեգիծը, ինչպես նաեւ եվրոպական ինտեգրումը՝ որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն: Խոսելով Արեւելյան գործընկերության որոշ երկրների կողմից եվրոպական արժեքների եւ գործընկերության նպատակների ոտնահարման դեպքերից՝ Հայաստանի նախագահը նշել է, որ անընդունելի է Ադրբեջանի կողմից այդ արժեքներն ընտրողաբար կիրառելը:

Գագաթնաժողովից հետո Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:

Հանդիպման սկզբում նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահական ընտրությունների ընթացքում անձամբ Մարտենսի եւ ԵԺԿ-ի ամբողջ ընտանիքի աջակցության համար, ինչպես նաեւ ընտրություններից հետո նրա ջերմ շնորհավորական ուղերձի, դրանում Հայաստանի առաջընթացի մասին տեղ գտած դրական գնահատականների համար:

Կողմերը կարեւորել են նաեւ միջկուսակցական համագործակցության հետագա խորացումը, այդ թվում` միջխորհրդարանական մարմինների շրջանակներում, անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին: