Շիրակի նորանշանակ մարզպետը դեռ կադրային փոփոխություններ չի անի

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյան

Գործադիրն այսօր Շիրակի մարզպետի պաշտոնում հաստատեց Ֆելիքս Ցոլակյանին, ով մինչ այդ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալն էր:

Կառավարության այսօրվա նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` նորանշանակ մարզպետն ասաց, որ կադրային փոփոխություններ սովորաբար չի անում:

«Աշխատանքի ընթացքում կորոշվի դա, սկիզբը կլինի զուտ աշխատանքային` ծանոթություններ աշխատակիցների հետ, իսկ աշխատանքի գնահատականները կլինեն որոշակի ժամանակից հետո: Այսօր ժամանակը չէ, եւ չենք գնում այնտեղ մարդկանց … ծանոթ-բարեկամի հարց չկա, հարցը աշխատող մարդու խնդիրն է, ով աշխատում է, կշարունակի աշխատել», - ասաց Ցոլակյանը` վստահեցնելով, որ Շիրակի մարզում բոլորի, այդ թվում` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ նորմալ հարաբերությունների մեջ է:

Նորանշանակ մարզպետն ասաց, որ չի պատրաստվում կուսակցական դառնալ: Ցոլակյանը նաեւ շեշտեց, որ համաձայն է Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականի վերաբերյալ հրապարակումների հետ (համաձայն մամուլի հրապարակումների` նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականը պայմանավորված էր ընտրություններում Շիրակում Սերժ Սարգսյանի պարտությամբ: Գիզիրյանը` ինքը գործող նախագահի պարտությունը համարել էր իր պարտությունը):

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինքը եւս գնո՞ւմ է Շիրակի մարզում ձայներ ապահովելու առաքելությամբ, Ցոլակյանը պատասխանեց. - «Ես աշխատելու առաքելությամբ են գնում»:

Անդրադառնալով գյումրեցիների կենսամակարդակի խնդրին` նորանշանակ մարզպետն ասաց, որ գյումրեցին ուզում է ապրել երեւանցու նման:

«Գյումրեցին չի ուզում ավելի վատ ապրել, մանավանդ գյումրեցու բնավորությունն է այդպիսին, ինքը ձգտում ունի այդպիսի բանի, մանավանդ ժամանակին գյումրեցին ապրել է այդ ձեւով, որը եւ առիթ է տալիս, որ նա դժգոհի իր ապրելակերպից, իր կարգավիճակից եւ այլն: Ես չեմ ասում, թե Շիրակի մարզում գյուղական բնակավայրերում վիճակը լավ է ինչ-որ տեղ, բայց գյուղական բնակավայրերում կա ավելի շատ զբաղմունքի հետ կապված խնդիրներ, որը մի փոքր հեշտ է: Կյանքը նաեւ գյուղերում բավականին դժվար է, բայց աշխատելու հնարավորությունները ավելի շատ են, քան քաղաքային բնակավայրերում: Ես կուզենայի որ Երեւանը մի քիչ բեռնաթափվեր դեպի Գյումրի, դեպի մյուս մարզերը», - շեշտեց Ցոլակյանը:

Նորանշանակ մարզպետը հավելեց նաեւ, որ ձգտելու է լինել արդար, մարդկանց հետ շփումներում` ազնիվ եւ բոլոր հարցերը լուծել խորհրդակցելով:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանի խոսքով` պետք է բավականին համարձակ մարդ լինել այս պահին Շիրակի մարզ որպես մարզպետ գնալու համար:

«Դա պատիվ է բերում պարոն Ցոլակյանին: Իմ հիշելով եւ քաղաքացիների կարծիքների հիման վրա` ասեմ, որ մարդը լավ եւ համբավ ունի քաղաքում, աշխատել է շատ տարբեր պատասխանատու պաշտոնների: Երեւի իշխանությունը գտավ, որ այս նեղ միջոցին այս ամենադժվար մարզում լուծումը այդ մարդն է: Դժվարը իշխանությունը հասկանում է յուրովի, մենք` յուրովի: Վաղուց արդեն հայտնի է, որ մարզը շատ բողոքավոր է եւ հիմնավոր բողոքավոր է: Ես չեմ կարծում, թե միայն Ցոլակյանով կարելի է խնդիրներ կարգավորել», - ասաց Բարսեղյանը: