Հովհաննիսյանը հանդիպել է Լամմերթին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ:

Մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում Հովհաննիսյանը եւ Լամմերթը քննարկել են փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ձեւավորված արտակարգ իրավիճակը, փոխանցում է ընտրություններում ըստ պաշտոնական արդյունքների երկրորդ տեղը գրաված եւ դրանք վիճարկող թեկնածուի շտաբը։

«Հայ ժողովրդի կամքը պետք է հարգվի», - ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ «Ցեղասպանության իր սեփական պատմության հետ առերեսվելու՝ Գերմանիայի փորձի եւ ժողովրդավարական աշխարհում առաջատար դառնալու հանգամանքով պայմանավորված՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն ավտորիտարիզմը եւ կեղծված ընտրությունները պաշտպանելու փոխարեն կարող է հարգանքի արժանացնել ժողովրդավարական շարժումը եւ փետրվարի 18-ին ժողովրդի կամքի հստակ արտահայտությունը»:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ Նորբերթ Լամմերթը շնորհավորել էր նրան վերընտրվելու կապակցությամբ, ավելի վաղ Սարգսյանին շնորհավորական ուղերձ էր հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։