Օմբուդսմենը ոստիկանապետին ընտրախախտումների 10 հաղորդում է ներկայացրել

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան ստուդիայում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծի եւ արագ արձագանքման ծառայությունը ստացել էր 255 ահազանգեր, որոնցից 25-ը պարունակել են ընտրակաշառքների, կրկնաքվեարկության, լցոնման եւ այլ ընտրահանցագործությունների մասին տվյալներ:

Օմբուդսմենի աշխատակազմը այսօր տարածած հաղորդագրությունում ընդգծում է, որ վերոհիշյալը համանման ծառայություններ մատուցող պետական եւ հասարակական թեժ գծերից առավելագույն քանակն է։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը երեկ ամբողջ օրվա ընթացքում կապվել է այդ 25 քաղաքացիների հետ եւ լրացուցիչ ճշտումներ է կատարել, որպեսզի ստանա նրանց համաձայնությունը իրենց կողմից տրված տեղեկությունը ամբողջությամբ կամ մասամբ Ոստիկանությանը փոխանցելու համար, ինչպես նաեւ ստանա թույլտվություն` իրենց ինքնությունը բացահայտել Ոստիկանության եւ հանրության առաջ, ինչը Ոստիկանությանը հնարավորություն կընձեռի իրականացնել առավել արդյունավետ քննություն:

Արդյունքում, հաղորդումներից 10-ը` որպես հիմնավոր, օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ներկայացրել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։