Սերժ Սարգսյանը քվեարկեց «հանուն Հայաստանի ապագայի»

Սերժ Սարգսյանը քվեարկում է Երեւանի թիվ 9/11 ընտրատեղամասում, 18-ը փետրվարի, 2013թ.

Կեսօրին մոտ Երեւանի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված թիվ 9/11 ընտրատեղամասում քվեարկեց Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ։

«Քվեարկել եմ Հայաստանի ապագայի համար, քվեարկել եմ ապահով Հայաստանի համար, մեր քաղաքացիների ու մեր ընտանիքների ապահովության համար», - հայտարարեց Սերժ Սարգսյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե հանուն ինչի՞ է քվեարկել։

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ընտրությունների ընթացքը, եւ արդյոք ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու իր հորդորները տե՞ղ են հասել, Սերժ Սարգսյանը արձագանքեց. - «Դա կերեւա, երբ որ ընտրությունների արդյունքները ամփոփենք»։

Հիշեցնենք, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում Սերժ Սարգսյանը ամեն գյուղում, մարզում ու համայնքում իր թիմակիցներին հորդորում էր լավ ընտրություններ անցկացնել եւ ավելորդություններ չանել։