Ղուկասյանը կարծում է` իշխող կուսակցությունը սպառվել է, ասելիք չունի

Արդեն 26 օր հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը

Արդեն 26 օր հացադուլի մեջ գտնվող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը համոզված է, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրությունը ոչնչով չի տարբերվելու նախորդ «շինծու ընտրություններից»:

«Ես ունեմ տեղեկություններ, որ ընտրակաշառքները սկսել են բաժանվել, իսկ քաղաքացիներին հարկադրում են քվեարկել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց թեկնածուն, ով մտադիր է «շինծու ընտրությունների մասնակիցներին» ուղղված հայտարարությամբ հանդես գալ վաղը:

«Շինծու ընտրությունները նման են իրար: Ինչպես զույգ երեխաները, այնպես էլ շինծու ընտրությունները, ինչո՞վ պիտի իրարից տարբերվեն», - ասում է թեկնածուն:

Թեկնածուն, հիշեցնենք, քարոզարշավի առաջին իսկ օրվանից` հունվարի 21-ից, Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց հացադուլի է նստած «շինծու ընտրություններին վերջ տալու», իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանին ընտրապայքարից հանելու պահանջով:

Հետեւելով Սերժ Սարգսյանի քարոզարշավին ու ելույթներին` Ղուկասյանը հանգել է եզրակացության, որ իշխող քաղաքական ուժը սպառվել է:

«Ես տեսնում եմ, որ ասելիք չկա, տեսլական չունի իշխող կուսակցությունը: Ակնհայտ է, որ հակասահմանադրական այս քաղաքական ուժը, որը տնօրինում է պետության մեջ իշխանության մենաշնորհը, այսօր ապրում է բացի իրավական, քաղաքական ճգնաժամից, նաեւ գաղափարական ճգնաժամ, սպառվել է որպես այդպիսին», - ասաց թեկնածուն:

Ի սկզբանե թեկնածուն նաեւ միջազգային դիտորդներին էր կոչ արել բոյկոտել Հայաստանի նախագահի ընտրությունները եւ իրենց ներկայությամբ լեգիտիմացնել դրանք: Անդրիաս Ղուկասյանը փոխանցեց, որ հացադուլի այս 26 օրերին միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներն իրեն չեն այցելել: Հայտնի է, որ ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ առաքելության փետրվարի 7-ին հրապարակված միջանկյալ զեկույցում էլ անդրադարձ չկա հացադուլ հայտարարած թեկնածուին եւ նրա պահանջներին: Թեկնածուն սա «վատ ահազանգ» է համարում:

«Որ չայցելեցին, ինձ համար բացարձակապես նշանակություն չունի: Որ չանդրադարձան այս խնդրին զեկույցում, դա վատ ահազանգ է, այսինքն խնդիր ունեն ծածկադմփոց անել այս հարցադրումը: Տարիներ շարունակ միջազգային հանրությունը համագործակցել է հակասահմանադրական քաղաքական ուժի հետ, Հայաստանի ապագան համատեղ ուզում են կառուցել այդ ուժի հետ, եւ այսօր, բնականաբար, այս հարցադրումը նաեւ լուրջ խնդիր է ստեղծում այն պետությունների համար, ովքեր հաստատում էին Հանրապետական կուսակցության ասոցիացիան Եվրոպայի ժողովրդավարական կուսակցությանը: Բնականաբար, սա իրենց համար մարտահրավեր է, եւ մինչեւ իրենց հանրության ներսում այս խնդիրը չբարձրացվի, իրենց մոտ իշխող կուսակցությունները պիտի, իհարկե, հավատարիմ կմնան ձեւակերպված բանաձեւին` համագործակցելու այս կրիմինալ եւ համասահմանադրական ուժի հետ», - հայտարարեց Ղուկասյանը` տեղեկացնելով, որ վերջին օրերին իրեն այցելում են միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնց էլ ներկայացնում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ:

«Վստահ եմ, որ իմ ձայնը լսելի կդառնա իրենց հանրություններում, եւ դա միայն կարող է փոխել այդ պետությունների դիրքորոշումները, դա կարող է ազդել այնտեղ այս պահին իշխող ուժերի վրա: Մենք գիտենք, որ աչք են փակում նաեւ այն հանգամանքի վրա, որ Եվրոպական միության եւ ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունը ձեւավորվում է որպես Հայաստանի Հանրապետության պարտք, բայց ըստ էության, դառնում է մի քանի մարդու անձնական եկամուտ: Բոլորը դրա մասին գիտեն, որ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը դա մի քանի մարդու անձնական պարտքերն են, բայց մեքենան շարունակում է աշխատել, եվրոպական հանրության հարկատուների փողը տրամադրվում է Հայաստանում կրիմինալ ուժերին, ուժերը հանգիստ դա յուրացնում են, պարտքերը գրվում են մեր ժողովրդի վրա», - ասաց նա:

Անդրիաս Ղուկասյանը հացադուլը կդադարեցնի միայն ընտրությունների հաջորդ օրը, երբ միջազգային կառույցները կամփոփեն նախնական գնահատականները: Նա առողջապահության նախարարության հորդորներին ընդառաջ չի գնացել, հիվանդանոցում առողջական վիճակի հետազոտություն չի անցել, բայց հուսով է, որ ուժերը կներեն ակցիան շարունակել եւս մի քանի օր: