Այլիսլիի գիրքը «խիզախ արարք է»

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլի

Ադրբեջանցի անվանի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը, որի լույս ընծայումը ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» ամսագրում դժգոհության ու բողոքի մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի բնորոշմամբ`«վաղվան ուղղված ճանապարհն է»:

«Սա փաստորեն մարտահրավեր է այսօրվա Ադրբեջանում պետականորեն քարոզվող գաղափարներին: Մյուս կողմից էլ համարում եմ տրամաբանական, որովհետեւ ճշմարիտ գրողը չի կարող չլինել ճշմարիտ հայրենասեր, չի կարող լռել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Անանյանը:

«Սա խոսում է այն շերտերի մասին, որ կա ադրբեջանական ժողովրդի խորքերում: Որովհետեւ ժամանակի գետը հոսում է, եւ մենք տեսնում ենք, թե ինչքան պղտոր է: Երկու տասնամյակ անցել է, բայց այդ տիղմը նստում է, կեղծ ազգայնամոլական փրփուրը ջրի երես է դուրս գալիս», - շարունակեց Լեւոն Անանյանը: - «Իսկ ներսում խմորվող ճշմարիտ հարաբերությունները, մարդկային հավերժական գենետիկ երակները երբեք չեն մեռնում: Սա է, որ գրողի մեջ դուրս է հորդացել: Մեկը պիտի ի վերջո ասի, որ թագավորը մերկ է: Այդ իրավունքը Աքրամը ունի իր անցած կյանքի ճանապարհով, որովհետեւ մեր սերունդը գոնե գիտի, որ նա միշտ եղել է ճշմարտության քարոզիչ: Եվ պատահական չէր նրա մտերմությունը Հրանտ Մաթեւոսյանի հետ»:

Նշենք, որ վեպի լույս ընծայումից հետո Ադրբեջանի նախագահի հրամանագրով Աքրամ Այլիսլին զրկվել է «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից եւ նախագահական թոշակից:

«Ես կարծում եմ, որ գրականության եւ քաղաքականության այս բախումը արդար չէ. գրողը իր խնդիրն ունի: Եթե այսօր կեղծեց գրողը, վաղը նրան չի հարգելու, չի գնահատելու անգամ սեփական ժողովուրդը», - նշեց Անանյանը` եզրափակելով. - «Նա այն խիզախն է, որ ճանապարհ է հարթում, այն ճանապարհը, որը տանում է ճշմարտության միջոցով ապաշպարանքի: Սա արդեն վաղվան ուղղված ճանապարհն է: Աշխարհին հայտնի են տասնամյա պատերազմներ, հարյուրամյա պատերազմներ, բայց դրկից ժողովուրդները պիտի ի վերջո գան մի ընդհանուր հանրագումարի: Մենք պիտի մեր զորակցությունը հայտնենք` հուսալով, որ այն տագնապի ահազանգը, որ հնչեցրել է Աքրամ Այլիսլին, պիտի իր շատ կարեւոր ազդեցությունը ունենա ադրբեջանցի ժողովրդի, մտավորականության վրա, եւ վերջապես պիտի ճաք տա այս անհանդուրժողության պատը»: