Պայթյուն Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատանը. կան զոհեր եւ վիրավորներ

Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատան վիզաների բաժնում հզոր պայթյուն է որոտացել, տեղեկացնում են ադրբեջանական լրատվական գործակալությունները` վկայակոչելով թուրքական TRT Haber-ի այսօրվա հաղորդագրությունը։

Ըստ հաղորդագրության` պայթյունի հետեւանքով երկու մարդ է զոհվել, մեծ թվով մարդիկ վիրավորվել են։

Նախնական վարկածով` հարձակումը կատարել է ինքնասպան ահաբեկիչը։

Ավելի ուշ միջազգային լրատվական գործակալությունները հաղորդեցին, որ պայթյունը տեղի է ունեցել դեսպանատան վիզաների բաժնի մուտքում, զոհվել են ամերիկյան դիվանագիտական առաքելության անվտանգության աշխատակիցը եւ մահապարտ ահաբեկիչը։