Ոստիկանությունը մերժում է նախագահի թեկնածուներին

Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյան

Ոստիկանությունը մերժում է նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Պարույր Հայրիկյանի առաջարկը` Հայաստանից 6 ամսից ավելի բացակայողների ցանկն առանձնացնելու մասին:

Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ ոստիկանությունը ոչ իրավասու է նման բան անելու, ոչ էր ունի բավարար տեխնիկական հնարավորություններ:

Նախագահի երեք թեկնածուները երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որպես երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելու դեպքերը բացառելու նախապայման, առաջարկելով վերջին մեկ տարում ավելի քան 180 օր երկրից բացակայած, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների ցանկը ընտրատեղամասերում կախել հիմնական ցուցակներից առանձին: Ընտրացուցակներում Հայաստանից հարյուր հազարավոր բացակաների անունների առկայությունը ոչ իշխանական ուժերը մշտապես համարում են ընտրակեղծիքների նախապայման:

«Որպես ռեգիստր վարող լիազոր մարմին` մենք պահանջվող տեղեկատվությանը չենք տիրապետում: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը չի կարող առանձնացնել ռեգիստրից այն անձանց ցուցակը, ովքեր Հայաստանի Հանրապետությունից դուրս 6 ամսից ավելի բնակվում են: Մենք այդ տվյալները ստանում ենք սահմանային մարմնից, եւ այն էլ` անհատական որոնման սկզբունքով: Մասնավորապես, օպերատիվ հետախուզական գործունեության ընթացքում կամ քրեական վարույթի ընթացքում հարցում ենք կատարում ՍԷԿՏ-ից (Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ) էլեկտրոնային եղանակով ստանում ենք տեղեկատվությունը: Վեց ամսից ավելի բացակայող անորոշ շրջանակի անձանց վերաբերյալ ավտոմատ տեղեկատվություն ստանալու ոչ օրենսդրական հնարավորություն կա, ոչ էլ տեխնիկական հնարավորություն կա», - ասաց Քոչարյանը` շեշտելով. - «Բացի այդ, չմոռանանք, որ այստեղ կա նաեւ մարդու անհատական տվյալներին վերաբերող հատված: Ես չեմ կարծում, որ մեր քաղաքացիները կողջունեն նման մոտեցում, որ անկախ օպերատիվ անհրաժեշտությունից, Հայաստանից 6 ամսից ավելի բացակայողների տվյալները ոստիկանությունը ստանա, պահպանի, այդ տվյալները մշակի ու տարածի»:

«Ընտրողների ցուցակի վարման աշխատանքները կանոնակարգվում են Ընտրական օրենսգրքով: Ընտրական օրենսգրքի սահմանած կարգը պահպանում ենք եւ ավելին չենք կարող անել», - ասաց Անձնագրային վարչության պետը` հիմնավորելով, որ ցուցակները առանձնացնելու պահանջը իրականացնելու համար «անշուշտ, օրենք պետք է փոխվի». - «Սահմանային մարմնին նման լիազորություն պետք է տրվի, որ այդ տվյալները հավաքագրի, հավաքագրելուց հետո կապի տեխնիկական ուղիներով մեզ փոխանցի, որ մենք ընտրությունից ընտրություն այդ տվյալները հանենք: Բայց այդ դեպքում լրացուցիչ ցուցակները կարող են աճել. սա էլ մի խնդիր է դառնալու, չէ՞: Ենթադրենք, մենք ցուցակից հանել ենք, պարզվեց քվեարկության օրը այդ մարդն եկել է Հայաստան, եւ նման մարդկանց թիվը կարող է մի քանի հարյուր լինել, ստիպված պետք է տեղեկանքներ տրամադրենք, որ նրանք քվեարկությանը մասնակցեն, այսինքն ընդգրկվեն լրացուցիչ ցուցակ: Հիմա էլ այդ ցուցակների թիվն է աճելու, եւ այս անգամ էլ շահարկվելու է լրացուցիչ ցուցակների աճը: Ես չեմ կարծում, որ դա լավագույն լուծումն է»,- ասաց Հովհաննես Քոչարյանը:

«Դա ուղղակի կանխավարկած է, որ դրսում գտնվողի փոխարեն անպայման պետք է ինչ-որ մեկն այստեղ քվեարկի: Մենք չենք կիսում նման մոտեցումները, մենք չունենք այդ նախադեպերը, մենք այդ մտայնությունը չունենք, որ այդպիսի բաներ են լինելու: Այս պահին ցուցակների որակը բավականին բարձր է», - շեշտեց նա:

Ոստիկանությունը լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու հնարավորություն է տալիս այն ընտրողներին, որոնք քվեարկության օրը չեն կարող գտնվել այն համայնքում, որտեղ հաշվառված են: Ոստիկանությունը հատուկ հայտարարել է, որ այդ անձինք կարող են մինչեւ փետրվարի 11-ը դիմել անձնագրային ծառայություն, հաշվառման վայրի ընտրացուցակից դուրս գալ եւ գրանցվել քվեարկության օրը գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում:

Հարցին, թե այստեղ եւս եւս բազմակի քվեարկության ռիսկեր չի տեսնո՞ւմ, Քոչարյանը պատասխանեց. - «Բացարձակ որեւէ ռիսկ չկա. երբ մարդը ցանկություն է հայտնում քվեարկել մի տեղում, որտեղ նա այդ օրը գտնվելու է, մենք իրեն հանում ենք հաշվառման վայրի ցուցակից: Մեր համակարգային ապահովումներն այնպիսին են, որ ուղղակի թույլ չի տալիս անձին երկու տեղ հաշվառման մեջ պահել, մի տեղից մեխանիկորեն հանում է: Եվ հավաստիացնում եմ Ձեզ, որ այդ կարգի մանիպուլյացիաների, այդ կարգի ոչ պատշաճ գործողությունների ոչ առիթ ունենք, ոչ ցանկություն, ոչ իրավունք»:

Հայաստանից 6 ամսից ավելի բացակայողների ցանկն առանձնացնելու առաջարկ ներկայացրած նախագահի թեկնածուների ու նրանց թիմերի համար ոստիկանության մերժումը ընտրակեղծիքների նախապայման է:

«Ոստիկանությունն այսօր հայտարարեց, որ կարող եք հարցականի տակ դնել ընտրությունների արդյունքները, վերջ: Ոստիկանությունը արդեն հարցականի տակ դրեց, որ ընտրությունները լեգիտիմ են»,- հայտարարեց նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությանն էլ չեն համոզում իրավապահների պնդումները:

«Դա վկայում է, որ միտքները ծուռ է, որ մի «հարամ» բան կա…», - կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը.- «Եթե խնդիր չունեն իսկապես, ինչո՞ւ են մահու չափ վախենում ցուցակներից: Դա նշանակում է, որ անգամ ծեծելով, ջարդելով, փշրելով, գնելով ու առնելով չեն կարողանում այդքան քվե ապահովել: Հետեւաբար, ընտրություններում «հաղթելու» մյուս կարեւորագույն ռեսուրսը ընտրացուցակներն են»:

Այսօրվա դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն, 507 հազար չորս մարդ: Ընտրողների նախնական թիվը վերջին խորհրդարանական ընտրությունների համեմատ ավելացել է 21 հազար 160-ով: