Պակիստանի ՆԳ նախարարը ցուցարարներին կոչ է անում ցրվել

Պակիստան - Բողոքի ցույցը մայրաքաղաք Իսլամաբադում, 15-ը հունվարի, 2013թ.

Պակիստանի ներքին գործերի նախարարը մայրաքաղաք Իսլամաբադում հավաքված ցուցարարներին հորդորել է ցրվել:

Հազարավոր ցուցարարներ երկուշաբթի օրվանից սկսած չեն հեռանում Իսլամաբադի կենտրոնից՝ բողոքելով կառավարության կոռումպացվածության դեմ:

Ներքին գործերի նախարար Ռեհման Մալիքը հայտարարել է, թե ցուցարարները խանգարում են քաղաքի բնակիչների հանգիստը, եւ կառավարության ու հասարակության համբերությունն արդեն սպառվել է:

Օրեր առաջ Պակիստանի գերագույն դատարանը երկրի վարչապետ Ռաջա Փերվեզ Աշրաֆի կալանքի սանկցիա էր տվել` կոռուպցիոն մեղադրանքներով, որը, սակայն, մերժվել է երկրի կառավարության հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Ֆասիհ Բոխարիի կողմից` ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ։