Հայաստանի դեսպանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ԱԽ-ում

Լուսանկարը` արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ անցկացրել է «Համապարփակ մոտեցում ահաբեկչության դեմ պայքարում» խորագրով քննարկում, որին մասնակցել են մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ շուրջ հինգ տասնյակ անդամ պետությունների ներկայացուցիչներ:

ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը նշել է, որ ահաբեկչության սպառնալիքի չափը ու դրա ազդեցությունը ենթադրում են հակաահաբեկչության եւ անդրսահմանային հանցագործություններով զբաղվող ՄԱԿ-ի գործակալությունների եւ միջկառավարական այլ կառույցների համադրված գործողությունները, եւ կարեւորել է այդ բնագավառում ՀԱՊԿ-ի, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի եւ ՆԱՏՕ-ի հետ ծավալած համատեղ ծրագրերն ու համագործակցությունը: Նազարյանը հավելել է, որ այդ բնագավառում համագործակցության վրա բացասաբար է ազդում Հայաստանի երկու հարեւանների հետ սահմանների փակ լինելու հանգամանքը, ինչպես նաեւ չկարգավորված հակամարտության պատրվակով զենքերի ու զինամթերքի հսկայական կուտակումների պրակտիկան:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` դեսպանը անթույլատրելի է համարել ահաբեկչության համեմատումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման համար մղվող պայքարի հետ ու դատապարտել է այդ իրավունքը ճնշելու համար պետական իշխանության, ինչպես նաեւ վարձկանների ու ահաբեկչական խմբավորումների օգտագործումը:

Իր ելույթի մեկ այլ բաժնում Կարեն Նազարյանը նաեւ անդրադարձել է Հայաստանի անմիջական հարեւանությամբ պետական մակարդակով ատելության քարոզմանը, որը կարող է սնուցել ահաբեկչության հանցագործությանը, եւ կոչ է արել հրաժարվել այդ վարվելակերպից ու փոխարինել այն հանդուրժողականությամբ ու երկխոսությամբ: