Օմբուդսմեն. «Ընտրագրավը իրավունքի սահմանափակում, խախտում չէ»

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան ստուդիայում, արխիվ

«Ընտրագրավը երաշխիք է, որ նախագահի թեկնածուն իրականում վայելում է հասարակության որոշ զանգվածի աջակցությունն ու վստահությունը: Ուստի այն չի կարող դիտարկվել որպես իրավունքի սահմանափակում եւ/կամ խախտում», - հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։

Չորեքշաբթի օրը օմբուդսմենին է դիմել Հայաստանի նախագահի ընտրություններին որպես թեկնածու առաջադրված Պավլիկ Սարգսյանը՝ պահանջելով օգնել իրեն Ընտրական օրենսգրքով նախատեսված 8 միլիոն դրամ (մոտ 20 հազար դոլար) ընտրագրավի պահանջը հակասահմանադրական ճանաչելու գործում: Դիմումն ուսումնասիրվել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավաբանների կողմից, ինչի արդյունքում չի հայտնաբերվել սահմանադրականությունը վիճարկելու որեւէ հիմք:

«Ընտրագրավը ընդունված է բազմաթիվ ժամանակակից ժողովրդավարական հասարակություններում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Կանադա եւ այլ երկրներ», - ասված է հաղորդագրությունում։

Օմբուդսմենի աշխատակազմը նշում է նաեւ այլ դեպքեր, երբ, համաձայն Հայաստանի օրենսդրության, անձը չի կարող օգտվել ընտրվելու իրավունքից։