Բրիջիտ Բարդոն եւս Ռուսաստանի քաղաքացիություն կհայցի

Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի Բրիջիտ Բարդոն, ով հայտնի է նաեւ կենդանիների պաշտպանությանն ուղղված իր ակտիվ գործունեությամբ, ուրբաթ օրը հայտարարել է, որ կդիմի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար` եթե Ֆրանսիայի իշխանությունները չհրաժարվեն Լիոն քաղաքի կրկեսի երկու հիվանդ փղերին քնեցնելու միջոցով սպանելու մտադրությունից:

«Եթե իշխանություններն այնքան վախկոտ ու անամոթ գտնվեն, որ սպանեն Բեբի եւ Նեպալա փղերին, ես կհայցեմ Ռուսաստանի քաղաքացիություն, որպեսզի փախչեմ մի երկրից, որն ավելի շատ կենդանիների գերեզմանատուն է հիշեցնում», - Բարդոյի խոսքերն է մեջբերել «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Անցած դեկտեմբերին Լիոնի ոստիկանապետը որոշում է կայացրել կրկեսի երկու փղերին քնեցնելու մասին, քանի որ կասկած կա, թե նրանք հիվանդ են:

Երեկ, հիշեցնենք, հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքացիություն է շնորհել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին։ Դերասանը, ով նախագահական ընտրությունների ժամանակ բացահայտ կերպով սատարում էր նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, որոշեց փոխել բնակության վայրը նոր նախագահ Ֆրանսուա Օլանդի հարկային «բարեփոխումների» պատճառով։