Քիմ Քարդաշյանը հղի է

Գերմանիա -- Քիմ Քարդաշյանը MTV-ի եվրոպական մրցանակաբաշխության ժամանակ, Ֆրանկֆուրտ, 11-ը նոյեմբերի, 2012թ.

Ռեալիթի-շոուների ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը եւ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը սպասում են իրենց առաջնեկին։

Ուեսթը այս մասին հայտարարել է երեկ Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ սիթիում տված համերգի ժամանակ։ Ընդ որում, երգիչը այս մասին հայտարարել է երգի տեսքով՝ նա կատարել է Now You Having My Baby (Այժմ դու ունենալու ես իմ երեխային) երգը։

Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը իրենց հարաբերությունների մասին հայտարարել էին մարտ ամսին։

35-ամյա Ուեսթը 18 անգամ արժանացել է «Գրեմի» մրցանակի։ Քարդաշյանը 2010-ից ի վեր միլիոնավոր դոլարներ է վաստակել ռեալիթի-շոուներում մասնակցելու համար։

2011 թվականին Քարդաշյանը մեծ շուքով ամուսնացել էր բասկետբոլիս Քրիս Համֆրիսի հետ, սակայն ամուսնությունը կարճ տեւեց եւ նրանք բաժանվեցին, թեեւ ապահարզանը պաշտոնապես դեռ չի ձեւակերպվել։