Սաակաշվիլին մասամբ վետոյի է ենթարկել համաներման օրենքը

Վրաստան - Դատապարտյալների բողոքի ակցիան Քսանիի բանտում, նոյեմբերի, 2012թ.

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վետո է դրել «Համաներման մասին» օրենքի այն մասի վրա, որը վերաբերում է քաղբանտարկյալներին եւ դեռահասների նկատմամբ հանցագործություններ կատարած անձանց։

«Քաղբանտարկյալների այդ ցուցակը ընդունել են ի հեճուկս ինձ։ Սակայն ես թույլ չեմ տա, որպեսզի երկիրը խայտառակվի, այդ իսկ պատճառով վետո եմ դնում օրենքի այն մասի վրա, որը վերաբերում է քաղբանտարկյալներին», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` հայտարարել է Սաակաշվիլին եւ հավելել, որ իր համար անընդունել է նաեւ դեռահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործություններ կատարած անձանց ազատ արձակումը։

Վրաստանի խորհրդարանի կողմից դեկտեմբերի 21-ին ընդունված օրենքը ենթադրում է լայնամասշտաբ համաներում։

Նախագահի վետոյի հաղթահարման համար խորհրդարանին անհրաժեշտ են պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ի ձայները։

Խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին այսօր հայտարարել է, որ խորհրդարանական մեծամասնությունը ձգտելու է հաղթահարել նախագահի վետոն։

«Խորհրդարանին հաջողվեց ընդունել որոշում, որով մոտ 200 բանտարկյալների շնորհվեց քաղբանտարկյալի կարգավիճակ։ Դրանից հետո որոշումը անդրադարձավ համաներման մասին օրենքի վրա։ Նախագահը համարում է, որ երկրում չէին կարող քաղբանտարկյալներ լինել։ Մենք այդ կարծիքին չենք», - ասել է Ուսուպաշվիլին